Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյան այսօր կառավարության առաջին նիստից հետո, որը վարում էր վարչապետ Սերժ Սարգսյանը, պատասխանեց լրագրողների հարցերին:
Դավիթ Հարությունյանին հարցրին, թե ինչո՞ւ իրավապահները չեն կարողանում հայտնաբերել Մասիսի քաղաքապետի եղբորը, որը Հերացի փողոցում հարձակվել է ցուցարարների վրա ու հարվածներ հասցրել, ինչը վկայող բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր կան լրատվամիջոցներում, ինչո՞ւ իրավապահները չնկատելու են տվել Մաշտոցի փողոցում կատարած անկարգությունների հեղինակների արարքները եւ այլն: Հարցին, թե տեսնում ենք, որ իրավապահներն այս դեպքերում չեն աշխատում, որպես իրավաբան ձեզ չի՞ հուզում այս ամենը,
Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Ես ցավում եմ, որ դուք չեք ուզում տեսնել իրականությունը: Քանի դեռ իրականացվում է քննություն, վաղ է որեւէ գնահատական տալը, ավելին, որքան ես տեղյակ եմ Մաշտոցի դեպքի հետ կապված կա ձերբակալված անձ: Շատ հաճախ մեզ թվում է՝ կողմնակի հայացքով, որ մենք տեղյակ ենք, մենք եղել ենք ականատեսը, «Ազատությունը» ֆիքսել է, որ այս մարդը կատարել է հանցագործություն, իսկ հետո զրուցում էր ոստիկանների հետ: Ես չգիտեմ դուք ունե՞ք այդ կադրերը, որ այդ անձը կատարել է հանցագործություն եւ հետո զրուցում էր ոստիկանների հետ: Եթե այո՝ միգուցե հենց այդ մարդն էլ ձերբակալվա՞ծ է, եթե ոչ՝ գուցե կարող եք դա տրամադրել եւ դա կլինի հերթական ձերբակալվածն այդ գործում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Այն հարցին, թե ցույցի մասնակիցները ոստիկանության կողմից ծեծի են ենթարկվում, լրագրողը նույնպես քաղաքացիական ոստիկանների կողմից այսօր ծեծի է ենթարկվել, ինչո՞ւ արդարադատության նախարարությունը չի զբաղվում այս հարցերով, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, ամենացիվիլ երկրում յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով՝ արդարադատության նախարարությունը պետք է զբաղվի իր գործով, արձագանքողը պետք է արձագանքի, քրեական հետապնդում իրականացնողը պետք է քրեական հետապնդում իրականացնի, հասարակական կարգ պահպանողը պետք է իրականացնի հասարակական կարգի պահպանություն: Այդ խնդիրը արդարադատության նախարարության ո՜չ գնահատման ոլորտում է ո՜չ էլ՝ իր կանոնադրական լիազորությունների որեւէ աղերսում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ