Հայաստանում ընթացող իրադարձություններին զուգահեռ, տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, նաև իրավապաշտպաններ կոչ են անում ընդդիմությանը անչափահասներին չներգրավել քաղաքական, հանրահավաքային գործընթացներում: Իհարկե, քննարկելու հարց է:
Սակայն հարց է առաջանում, վերոնշյալ գործիչները ինչո՞ւ մինչ այժմ ձայն չեն հանել հանրակրթական դպրոցներում ՀՀ նախագահի և կաթողիկոսի նկարների պարտադիր լինելու մասին, երբ երեխան մտնում է դպրոց այդ պաշտոնյաների աչալուրջ հայացքների ներքո:
Ինչո՞ւ ձայն չեն հանել նույն դպրոցների տնօրենների և ուսուցիչների համատարած հանրապետականացման դեմ, երբ դպրոցների հանրապետական անձնակազմը ոչ միայն երեխաների ծնողներին ցուցակագրում և ստիպում է քվեարկել հօգուտ իրենց հարազատ կուսակցության, այլև նույն երեխաներին քշում է նախընտրական հանդիպումների:
Ինչո՞ւ ձայն չեն հանում, դպրոցներում Երկրապահ-հանրապետական կոչված հրոսակախմբի, այսպես կոչված Պատանի երկրապահ ակումբների ստեղծման պարտադրանքի դեմ, ուր որպես ապագա քաղաքացու կերպար ներկայացվում է գեներալ-հանրապետական Մանվել Գրիգորյանը:
Ինչո՞ւ ձայն չեն հանում մանկապարտեզից սկսած երեխաների կղերական դաստիարակության, առանց նրանց կամքի մկրտության, չոքած աղոթքի, հակահիգիենիկ խաչհամբույրների դեմ:
…Եվ վերջապես, սույն գործիչներից շատերը հիացմունքով են խոսում 88-ի ղարաբաղյան շարժման ժամանակ դպրոցականների ակտիվ մասնակցության մասին՝ հանրահավաքներով, դասադուլներով …
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ