Գյումրիում այսօր Վարդանանց հրապարակից բերման էին ենթարկել Մարմաշեն գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Պապոյան Անդրանիկին, որը ստացել էր աջ ծնկան հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, ծնկան հոդի հետտրավմատիկ հեմարտրոզ, պարանոցի քերծվածքներ ու տեղափոխվել Գյումրի բժշկական կենտրոն։
Անդրանիկը պատմեց հետևյալը․ «Ես անցնում էի այսպես ասած զեբրայի վրայով, ոստիկանները դեմս փակեցին, ասում եմ՝ անցնում եմ, ինչո՞ւ չեք թողնում անցնեմ, բա քաղաքացի հետ գնա, հետ գնա․․․ Պատ կազմեցին, հրեցին, ետ բերեցին, հարցնում եմ՝ ի՞նչն է պատճառը, ես ուզում եմ փողոցն անցնել, ասում են՝ չի կարելի, հարցնում եմ ինչի՞, կարմիր լույս կա՞, չկա, չէ՞, ի՞նչն է պատճառը, բա դու զանգվածային ես անցնում փողոցը, բացատրում եմ, թե ես անհատ մարդ, անցնում եմ փողոցը, դրա զանգվածայինը ո՞րն է, անհատ եմ, անցնում եմ, գնում եմ աշխատանքի, բա չէ դու զանգվածային ես անցնում։ Հետո հրաման ստացան, թե ինչ արեցին ու ինձ բռնեցին, քաշում են էս կողմ, քաշում են էն կողմ, հետո ճանապարհային ոստիկանության մի ավտո բռնեցին ու ինձ քաշքշելով նստեցրեցին։ Ասում եմ՝ եթե հիմք ունեք ձերբակալման, կամավոր նստեմ ավտոն, գնամ, բայց ոչ ՃՈ մեքենան»։
Նրա պատմելով, ոստիկանները, տեսնելով, որ չեն կարողանում իրեն մեքենա բարձրացնել, հետևից խփել են ոտքին, ամբողջ ընթացքում ցավից գոռացել է՝«Ախ, ոտքս»։ Այնուհետ երիտասարդին բռնի կերպով բարձրացրել են մեքենա, մինչև կայարանում գտնվող ոստիկանության «Կումայրի» բաժինը հասնելը, չեն թույլատրել գլուխը բարձրացնել։ Երբ հարցրել է՝ ո՞ւր եք տանում, պատասխանել են․ «Քո գործը չէ, ցուցարար ես խաղո՞ւմ»։
Անդրանիկ Պապոյանը նախազգուշացրել է, որ ինքն աշխատանքից ուշանում է, սակայն ոստիկանները հակադարձել են՝ ասելով․ «Ի՞նչ գործ քեզի, ցուցարար ես խաղում գլխներիս»։
Սկզբում ոստիկանները որոշել են նրան հասցնել գյուղ, նստեցրել են մեքենա, սակայն Մարմաշենի ճանապարհին կանգնել են, Ախուրյանից նոր ոստիկաններ են եկել, եկել է նաև երիտասարդին ծանոթ փաստաբան։ Այնուհետ ազատ են արձակել, ու երիտասարդը դիմել է հիվանդանոց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ