Սիրիայի վերջին իրադարձությունները, ինչպես Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու կապակցությամբ դժգոհության հետևանքով Երևանում սկսված «մայդանը» դարձյալ ուշադրությունը սևեռել է Հարավային Կովկասի և այստեղ տիրող բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի վրա: Բազմաթիվ փորձագետներ միանգամայն հիմնավորված ասում են, որ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների միջև հակասություններն անխուսափելիորեն կարող են դիպչել Հարավային Կովկասին և Վրաստանին, գրում է www.kavkazplus.com պորտալը:
Վրացական «Կվիրիս պալիտրա» պարբերականի հետ զրույցում քաղաքագետ Մամուկա Արեշիձեն ասել է, որ Սիրիայում Արևմուտքի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները կարող են մի շարք լոկալ պատերազմներ առաջացնել ամբողջ աշխարհում, այդ թվում սրել իրավիճակը Վրաստանում:
«Չի բացառվում, որ նման հակամարտություն կարող է ծագել նաև Հարավային Կովկասում: Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի համար, միանգամայն անընդունելի է Ռուսաստան- Թուրքիա-Իրան եռանկյունու առաջացումը… Այդ եռանկյունին քանդելու համար գոյություն ունի մի քանի ճանապարհ: Դրանցից մեկը՝ ղարաբաղյան հակամարտության վերսկսումն է, որի դեպքում Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանին, և դրանով այդ միությունը կխափանվի»,- կանխատեսում է Արեշիձեն:
Արեշիձեն ուշադրություն է հրավիրել Բաքվում մայիսի 12-ին նախատեսվող «Վերադարձնենք Ղարաբաղը» կարգախոսով ակցիայի վրա: Նրա կարծիքով՝ դրանից հետո Ադրբեջանը կհարձակվի Ղարաբաղի վրա, որը իր մեջ վտանգներ է պարունակում նաև Վրաստանի համար:
«Դա վտանգավոր է նաև մեզ համար, քանի որ ուղղակի կամ անուղղակի կերպով մենք կներքաշվենք այդ գործընթացում: Ռուսաստանը պարտադիր կերպով կցանկանա օգտագործել մեր տարածքը ռազմական բեռներ տեղափոխելու համար…. Եթե նման բան իսկապես տեղի ունենա, դա կլինի շատ ավելի լայնածավալ հակամարտություն, քան նախորդ հարյուրամյակի 90-ականներին.. իրավիճակը կարող է բարդանալ նաև օկուպացված տարածքներում (Աբխազիա և Հարավային Օսիա), բայց չի բացառվում, որ Ռուսաստանը ուղղակիորեն կհարձակվի Վրաստանի վրա»,- ասել է փորձագետը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ