Հայաստանի Հանրապետության հարգելի ոստիկաններ, ծառայության անցնելուց առաջ, ՀՀ պետական դրոշի առջև դուք երդվել եք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, արդար և անկողմնակալ իրականացնել ձեր լիազորությունները, պաշտպանել հայրենիքը, ազնիվ և բարեխիղճ կատարել ձեր ծառայողական պարտականությունները:
Կատարե՛ք ձեր պարտականությունները ըստ ձեր երդման, պաշտպանե՛ք ՀՀ ապագայի համար ոտքի ելած մեր վառ երիտասարդության խաղաղ ընդվզումը եւ միացեք հարազատ ժողովրդին:
Հայաստանի Հանրապետության ապագան կերտվում է այսօր:
Երկրի ողջ տարածքով ծավալվում է ժողովրդի արդարացի եւ խաղաղ պայքարը ընդդեմ ազգակործան, կոռումպացված իշխանությունների եւ նրանց օժանդակող օլիգարխիայի:
Մեր հպարտ ժողովուրդը պայքարում է արդարության, իր հայրենիքի ազատության եւ անկախության համար, մեր բոլորի ոտնահարված ազգային արժանապատվության եւ մարդկային իրավունքների համար:
ՀՀ ոտքից գլուխ կոռումպացված իշխանությունների միակ հենարանը այսօր մնացել եք դուք՝ ձեր մահակներով, ձեր վահանակներով եւ ձեր զինանոցով:
Սփյուռքի տարբեր համայնքներում եւս մեր հայրենակիցները զանգվածաբար իրենց աջակցությունն են բերում եւ զորակցում Հայաստանի մեր եղբայրներին ու քույրերին:
Սիրելի ոստիկաններ, դուք այս ժողովրդի զավակներն եք, եղե՛ք նրա հետ, միացեք արդարության այս երթին:
Եվրոպայի Հայերի Համագումար