Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Վիգեն Սարգսյանը զինվորների համար մայկա տրուսիկ առնի». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 19,2018 19:00

Այս պահին Նիկոլ Փաշինյանն ու իր համակիրները գտնվում են Հանրապետության հրապարակում, զուգահեռ Մոսկովյան փողոցում ինքնաբուխ երթ է անցկացվում: Լրագրողների հարցին՝ տեղյա՞կ է այդ երթից, պարոն Փաշինյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: Հարցին՝ այն, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատնից, արդյոք իրենց պայքարի արդյո՞ւնքն է, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Հանրահավաքային պայքարի արդյունք կհամարեմ այն, որ ՀՀ-ում տեղի ունենա թավշյա հեղափոխություն և ավարտին հասնի, մնացածը կարևոր, բայց ոչ այնքան ռազմավարական նշանակություն ունի»:

Հիշեցմանը՝ ՀՀ ոստիկանությունն արդեն անվանական կոչեր է անում՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, Արմեն Գրիգորյանին, Դավիթ Սանասարյանին և այլոց, պարոն Փաշինյանն արձագանքեց. «Ասել եմ, որ իրենք հնդկական կինոներ են նկարահանում, բայց բոլորին էլ պարզ է, որ այդ սադրանքները կազմակերպում են իշխանությունները»:

Դիտարկմանը, եթե Սերժ Սարգսյանը կարծում է, որ հանրահավաքները ՀՀ-ում ներդրումների վրա կարող են ազդել, ապա Վիգեն Սարգսյանի կարծիքով, եթե հաջողվեր կաթվածահար անել պետական համակարգը, դա կազդեր բանակի մարտունակության վրա, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Թող Վիգեն Սարգսյանը զինվորների համար մայկա տրուսիկ առնի: ՀՀ բանակի զինվորները անմայկա և անտրուսիկ են, ահա թե ինչն է սպառնում բանակի մարտունակությանը»:

Դառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո երկխոսության հարթակ ստեղծելու՝ ՀՅԴ կոչին, պարոն Փաշինյանն ասաց, որ նման առաջարկ քննարկելու համար մի նախապայման կա, Արմեն Սարգսյանը պետք է ներկայացնի տեղեկանք, թե ինքը որ թվին է հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից:

Հարցին՝ փողոցում խցանում անելով՝ կարո՞ղ են թավշյա հեղափոխություն անել, պարոն Փաշինյանը պատասխանեց՝ դա խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործիք է և տասնյակ երկրներում կիրառվել է: Պարոն Փաշինյանը համոզված է՝ այն, ինչ իրենք անում են, հանրային ճնշում է և′ ոստիկանության, և′ պետական կառավարման մարմինների վրա:

Վաղվա պլանների մասին պարոն Փաշինյանը փոխանցեց, որ կրկին դիմելու են գործողությունների, և հաճախ դրանք հընթացս են ծնվում:

Հակառակ բոլոր այն կանխատեսումների, թե շարժումը շուտով մարելու է, պարոն Փաշինյանը հայտարարեց՝ շարժումը վայելում է քաղաքացիական մեծ աջակցություն և այն չի մարելու:

Հանրապետության հրապարակում է նաև դերասան Սերգեյ Դանիելյանը:

Հարցին տեսնո՞ւմ եք թավշյա հեղափոխություն, դերասանը պատասխանեց՝ դեռ մեկ շաբաթ առաջ է տեսել: Ըստ նրա՝ եթե նյարդերին ու հույզերին տրվեն, դա կբերի արյան. «Ուզո՞ւմ եք հենց հիմա արյուն լինի: Բայց Նիկոլ Փաշինյանի ընտրած ճանապարհը մի քիչ ավելի խոհեմություն և ուղեղ է պահանջում: Այսպես հանրային ճնշմամբ հնարավոր է կառուցել նորմալ հասարակություն և պետություն»:

Տեղեկացնենք՝ Մոսկովյան փողոցում ինքնաբուխ երթ անող երիտասարդները քիչ առաջ եկան Հանրապետության հրապարակ՝ միանալով Նիկոլ Փաշինյանին և նրա համախոհներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30