Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ինձ նվաստացած չզգամ, ուզում եմ իմ անձնագիրը արտասահմանում ցույց տամ ու չամաչեմ». Սերգեյ Դանիելյանը՝ ցույցերին միանալու մասին

Ապրիլ 19,2018 17:28

Այսօր ցուցարարներին էր միացել դերասան Սերգեյ Դանիելյանը՝ Յոժը:

Aravot.am-ը նրան հարցրեց՝ դուք բազմիցս մասնակցել եք նմանատիպ ցույցերի, գիտեք, թե ինչ ուժ է կիրառում իշխանությունը սովորաբար եւ ամեն անգամ արձանագրվում է այն փաստը, որ իշխանությունը բիրտ է, իսկ ժողովուրդը պարզապես զբոսանքի է դուրս եկել փողոցներ այդ օրերի ընթացքում, այս հանրահավաքը, ըստ ձեզ, ինչո՞վ է տարբերվում մնացածներից: Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Իշխանությունը միշտ, ամեն տեղ բիրտ է, բարի ոստիկաններ, իշխանություն, բան դրանք հեքիաթներ են, ոչ մեկն իր տեղը հենց այնպես չի զիջում, դա պարզ է: Այս հանրահավաքը որակապես տարբերվում է: Մի փոքր նմանեցնում եմ 88-ին, երբ մարդկանց մեջ բացի հույս ու հավատից, կային նաեւ բարի դրսեւորումներ՝ կանանց տեղ էին զիջում, ցայտաղբյուրների մոտ հերթ էր կանգնած, ոչ ոք արեւածաղիկ չէր չրթում ու թքում գետնին, ռաբիս երաժշտություն չկար, ինչպես տեսնում եք, հիմա էլ չկա: Այստեղ չեն կլկլացնում հիմա, կլկլացնում են ՀՀԿ-ականների հարսանիքներին: Երիտասարդությունը պայծառ է, գեղեցիկ: Սա այն երիտասարդությունն է, որ հիշում եմ՝ 88-ին թողեցին, հուսահատված գնացին շատերը: Հիմա նորից վերածնվեց այդ երիտասարդությունը, նայում եմ՝ շատ լավ երեխեք ունենք: Ուսուցիչների այդ բարբաջանքները, որ երեխեք, նստեք, ի՞նչ գործ ունեք, դա էլ է սխալ: Ճիշտ է, ոչ ոք չի թողնում երեխաներին, որ գնա ու ոստիկաններին սկսի բզել, բայց խնդրեմ, մարդիկ այստեղ պարում են ազգային պարեր: Համոզված եմ, 30 տարի է՝ մեր ղեկավարությունը, որը նստած է, Զեյնաբ Խանլարովայից էն կողմ չի գնացել»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանն ասաց՝ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզացողներ չլինեն, հիմա արթնացե՞լ է այդ հանգած հրաբուխը՝ Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Հրաբխագետ չեմ…Դեռ չի արթնացել հրաբուխը, ինչ խոսք, բայց պրոցեսը գնում է: Եթե օբյեկտիվ պատճառներ չլինեն, ոչ մի բան չի կատարվի: Հենց այնպես կինը չի հղիանում, մի դեպք գրանցվել է, ներեցեք, բայց այնքան էլ չեմ հավատում այդ փաստին»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ այս շարժումը սկսվեց ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետի, Սերժ Սարգսյանն արդեն վարչապետ է, դա իրողություն է, հիմա, ըստ ձեզ, պայքարն ինչի՞ դեմ է, գաղափարը ո՞րն է՝ Դանիելյանը պատասխանեց. «Ես միացել եմ շարժմանը ոչ թե Սերժ Սարգսյանին փոխելու կամ դաստիարակելու համար, նման պրետենզիա չունեմ, ես ուզում եմ երկիրը փոխվի, ուզում եմ կաշառակերներ չլինեն, ես ուզում եմ մտնեմ պետական հիմնարկ, ինձ նվաստացած չզգամ: Ես ուզում եմ իմ անձնագիրը արտասահմանում ցույց տամ ու չամաչեմ, ես ուզում եմ ինձ իսկապես զգամ հաղթած ժողովրդի, նորմալ, քաղաքակիրթ հասարակության մի մասնիկ: Ես վրացիներից վատը չեմ հաստատ, մեր ժողովուրդը ոչ մալայացիներից ու սինգապուրցիներից է վատ, վարչապետը Սինգապուր է ասում, մենք իրենցից վատը չենք հաստատ, իմ սերունդը վատը չի, վրացիներից հաստատ վատ չենք, չենք ասում նույնիսկ ավելին: Գիտեմ, որ մենք այդ ներուժն ունենք խոզի պես չապրել, նորմալ ապրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30