Լրահոս
Օրվա լրահոսը

Գծերից «առեւանգած» երթուղայինները ոստիկանությունը դեռ չի վերադարձրել. ՍՊԸ-ների սեփականատերերն իրենց միկրոավտոբուսները ուղիղ եթերներով են տեսնում

Ապրիլ 19,2018 15:38

Ապրիլի 18-ին լրատվամիջոցների տեսախցիկներն արձանագրել էին, որ հասարակական տրանսպորտի ցանցից հանվել են մի քանի երթուղու միկրոավտոբուսներ, որոնք փոխադրում էին ոստիկաններին՝ տարածքից տարածք: Մասնավորապես գծից հանված են եղել թիվ 58, 31, 29 երթուղագծերի «գազելները»: Թե ինչու են այդ միկրոավտոբուսները ոստիկանությանը ծառայություն մատուցում՝ Aravot.am-ի հարցին Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, որ քաղաքապետարանը Երեւանի բնակիչներից որեւէ բողոք այդ առնչությամբ չի ստացել եւ որ միկրոավտոբուսները պատկանում են մասնավոր ընկերություններին եւ նրանք էլ պետք է պատասխան տան: Մեր այն դիտարկմանը, թե քաղաքապետարանը վերահսկող մարմին է, քաղաքապետարանից ասացին, որ եթե բողոք չկա, մասնավոր կազմակերպությունը պետք է պատասխանի մեր հարցերին:

«ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նույնպես այս հարցով դիմել է Երեւանի քաղաքապետարան, Aravot.am-ի հետ զրույցում պարոն Խաժակյանն ասաց, որ առայժմ պատասխան չի ստացել:


«Մենք տեղեկություն չունենք, մեր միկրոավտոբուսները չենք տրամադրել, վարորդներին պետք է հարցնեք»,-Aravot.am-ի հարցին, թե ոստիկանությանը ծառայություն մատուցած միկրոավտոբուսների թվում նաեւ ձեր երթուղագծի մեքենաներն են եղել, պատասխանեց թիվ 29-ը միկրոավտոբուսը շահագործող «Երեւանի ՄՈՒԱՏ» ՍՊԸ-ի դիսպետչերական կետի աշխատակիցը: Հարցն ուղղեցինք նաեւ ընկերության տնօրինությանը: Մեր հարցին, թե ոստիկանությանը մեքենա տրամադրե՞լ եք, ոստիկանությունը պաշտոնապես գրությամբ ձեզ դիմե՞լ է միկրոավտոբուս տրամադրելու համար, ընկերությունից ասացին, որ իրենք ոչ մի մեքենա չեն տրամադրել, ոստիկանությունն էլ իրենց չի դիմել:

Հարցրինք, թե այդ դեպքում ինչպե՞ս է ձեր միկրոավտոբուսը հայտնվել ոստիկանության ձեռքում, գուցե վարո՞րդն է տրամադրել, քանի որ նրանից ուզել են, մեր զրուցակիցն ասաց, որ վարորդն իրավունք չունի գծից մեքենա հանի:

Թիվ 58 միկրոավտոբուսը, որը նույնպես հայտնվել էր ոստիկանների ձեռքում, շահագործում է «Ուղեւորատար» ՍՊԸ-ն: Aravot.am-ի հետ զրույցում ընկերության պատասխանատուն ասաց, որ տվյալ միկրոավտոբուսի վարորդը պայմանագրով աշխատում է այս ընկերությունում եւ տուն գնալիս, թե գալիս, ոստիկանությունը վարորդով հանդերձ վերցրել է մեքենան եւ այդ մասին ինքը տեղյակ չի եղել: Ոստիկանությունն էլ ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր ՍՊԸ-ին չի դիմել միկրոավտոբուսը վերցնելու համար:
Թիվ 31-ի շահագործողը «Դավիթ Երթուղային տաքսի» ընկերությունն է: Մեզ հետ զրույցում ընկերության պատասխանատուն ասաց, որ ոչինչ չի կարող պատասխանել, քանի որ մինչեւ այսօր այդ միկրոավտոբուսի վարորդին դեռ չի տեսել. «Ես իմ մեքենան միայն ուղիղ եթերներով եմ տեսնում, դեռ չի վերադարձել: Այդ պատճառով ոչինչ չեմ կարող պատասխանել: Ոստիկանությունից մեզ պաշտոնապես չեն դիմել մեքենա տրամադրելու, եթե դիմեին էլ չէինք կարող տալ, որովհետեւ, նախ՝ ավել մեքենա չունենք, եւ հետո, մեր մեքենաները նախատեսված են ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար, ոչ թե այլ ծառայություն մատուցելու»:

Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ այդ օրը մեքենան առավոտյան չի եղել դիսպետչերական կետում, եւ իրենք չգիտեն, երբ եւ ինչպես է այն հայտնվել ոստիկանության մոտ.«Մեր մեքենաների քանակը չի բավականացնում, բայցի այդ, սա սեփական հիմնարկություն է եւ մենք շահույթ ենք ստանում չէ՞»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30