Երեկ խոսելով Երեւանում ընթացող բողոքի ցույցերի մասին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն ասել է, որ դրանք եւս մեկ ապացույց են այն բանի, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Հիշեցնենք՝ ընդամենը մի քանի օր առաջ Freedom House կազմակերպությունը Հայաստանի վերաբերյալ իր վերջին զեկույցում արձանագրել էր, որ Հայաստանը հավակնում է ավտորիտար տիտղոսին: Freedom House-ը իր այս դիտարկումներում միակը չէ: Վերջերս համանման դիտարկումներով հանդես եկան նաեւ Human Rights Watch-ը եւ այլ հեղինակավոր կազմակերպություններ: Այս առիթով Aravot.am-ի դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորը ասաց. «Եթե իրենք իսկապես անաչառ են, ուրեմն պետք է շուտափույթ վերանայեն իրենց եզրակացությունները: Սա է ամենակարեւոր արդյունքն ամեն ինչից»:
Գագիկ Մինասյանը համամիտ չէ մեր այն դիտարկումների հետ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց փշալարերի ետեւում, եւ առհասարակ, նրա պաշտոնավարումը ընթացավ փշալարերի ետեւում՝ սկսած 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից: Սա՞ է ժողովրդավարությունը՝ մեր հարցին Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում, այդ ի՞նչ եք ասում: Ի՞նչ է նշանակում՝ պաշտոնավարել փշալարերի ետեւում: Կամ դուք Հայաստանում չեք ապրում, կամ միտումնավոր խեղաթյուրում եք փաստերը»: Հանրապետական պատգամավորը համաձայն չէ այն դիտարկման հետ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց փշալարերի ետեւում: Ասում է. «Վարչապետի ընտրությունները փշալարերի ետեւում չեն կայացել: Ստեղծված էր նորմալ վիճակ, որպեսզի Սահմանադրությունը գործի, իսկ Սահմանադրությունը ամեն ինչից բարձր է: Մենք իրավական երկիր ենք եւ ապրում ենք իրավական նորմերով: Որպեսզի կարողանանք մեր իրավական պարտականություններն իրացնել, պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ»:
Իշխող կուսակցության ներկայացուցչից հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպե՞ս է պատկերացնում այս իրավիճակի հանգուցալուծումը, քանի որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վճռական է իր պայքարում եւ այսօր Երեւանի փողոցներում կրկին բողոքի ցույցեր են: «Այս ամեն ինչը պետք է ընթանա եւ հանգուցալուծվի օրենքի շրջանակներում: Որեւէ մեկը օրենք խախտելու իրավունք չունի՝ ոչ ոստիկանը, ոչ ցուցարարը»,- ասաց Գագիկ Մինասյանը:
ՀՀԿ-ական պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը եւ Վահրամ Բաղդասարյանը երեկվանից խոսում են այն մասին, որ ցուցարարները ապօրինի գործողություններ են կատարել: Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հող է նախապատրաստվում ոստիկանության հետագա գործողությունները արդարացնելու համար: «Եթե իրենք այդպիսի հայտարարություններ են անում, ուրեմն ունեն դրա հիմքերը»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք՝ ինքն է՞լ ունի հիմնավոր պատճառներ ցուցարարների կողմից օրինախախտումների մասին խոսելու: Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ես իրավաբան չեմ: Կան համապատասխան կառույցներ, որոնք ուշի-ուշով հետեւում են, որպեսզի օրենքը պահպանվի: Իսկ օրենքի պահպանությունը երաշխիքն է նրա, որ մեր պետությունը կզարգանա ոչ թե ինչ-որ մարդկանց կամքով, այլ օրենքի թելադրանքով»:
Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցինք նախօրեին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպից: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դրա մեղավորը իշխանություններն են՝ «Շմայսի բանդաներով»: «Ինչո՞ւ եք կարծում, որ ես պետք է գուշակեմ, թե ով է դա արել, կան համապատասխան պետական կառույցներ, որոնք պարտավոր են պարզել, թե ովքեր են դա արել: Մեր երկրում ամեն ինչի համար պատասխանատուներ կան. ե՛ւ մարդիկ, որոնք պետք է հետեւեն, որպեսզի ցուցարարներն արտահայտեն իրենց կամքը, ե՛ւ մարդիկ, որոնք պետք է հետեւեն, որ ցուցարարներն իրենց կամքն արտահայտելուց օրենքի սահմանից դուրս չգան, մարդիկ, որոնք պետք է հետեւեն եւ օրենքի սահմաններից դուրս եկողներին պատասխանատվության ենթարկեն: Իրավական պետության էությունը սա է»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ