«Ժողովուրդ» օրաթերթն այս օրերի ներքաղաքական իրադարձությունների մասին զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։
– Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ ընդհանուր տպավորություն ունեք Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման մասին։
– Նախ ասեմ, որ վաղուց արդեն այսքան գեղեցիկ մարդկանց չէի տեսել Երեւանի փողոցներում, հրաշալի երիտասարդություն է հավաքվել՝ վճռական, ռոմանտիզմով լի։ Սա այն երիտասարդությունն է, որն ազատագրվել է բուհական ուսխորհրդի կապանքներից եւ դուրս եկել փողոց։ Այս երիտասարդների մեջ Սովետ չկա, ինձ այդպես է թվում։
Հանրապետության հրապարակը այսքան լեցուն եղել էր մեկ էլ 1988-ին եւ 2008-ին։ Ամենակարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ հավաքվածներն ազատ մարդիկ են, որոնց ավտոբուսներով չեն բերել ցույցի։ Այս երիտասարդները վաղվա համար ապահովում են լիցք։ Ու չնայած ոստիկանների կիրառած բռնությունների արդյունքում մի քանիսը վախեցել են, բայց շատերն էլ կոփվել են՝ դառնալով վաղվա հաղթանակների ավանգարդը։ Սրանից կարելի է ենթադրել, որ մեզ մոտ ձեւավորվում է քաղաքացիական անհնազանդության, բողոքի արտահայտման մշակույթ։ Կարելի է անգամ զավթիչ ոստիկաններին շնորհակալություն հայտնել՝ նրանց կոփելու համար։
– Բայց վերջերս շարժման մասնակիցները հայտարարեցին, որ երբ ցուցարարները գրկել են ոստիկաններին, նրանցից ոմանց աչքերում նկատել են երջանկության արցունքներ։ Այսինքն՝ ոստիկանների այսպիսի կերպար էլ կա։
– Դա նշանակում է, որ մենք եւ ոստիկանները զավթիչներին նույն կերպ ենք ընկալում։ Համենայն դեպս Սերժ Սարգսյանն ասում է, որ բողոքողների թիվը փոքր է։ Ուստի բոլոր նրանք, ովքեր օնլայն են հետեւում, պետք է գան, գոնե կես ժամով մասնակցեն ցույցին՝ իրենց մարմնով ցույց տալով, որ դժգոհություն ունեն իշխանություններից։ Եթե անգամ արդյունքում իշխանափոխություն չլինի, նրանց ներկայությունը կզսպի իշխանություններին, եւ վերջիններս լկտի պահվածք չեն ցուցաբերի։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում