«Ցավդ տանեմ, մեր էս վիճակում ճիշտը էդ է՝ Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի, լինի վարչապետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ինքն էր ասում, որ մի մարդ երկու ժամկետից ավելի չպետք է հավակնի երկիր ղեկավարել, սա արդեն բռնապետության չի՞ տանի՝ Սամվել Ալեքսանյանն արձագանքեց. «Ի՞նչ բռնապետություն, այ ցավդ տանեմ, ի՞նչն է երկար ղեկավարում, Ղարաբաղի կռիվ ունենք, ամեն ինչ ունենք, հարցեր կան, պետք ա ինքը լինի, որ լուծի»:
«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ այս համակարգում պահեստայինների նստարանը այնքան է դատարկվել, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդն էլի Սերժ Սարգսյանն է, հարցին՝ բա ամբողջ ՀՀԿ-ում, այսքան քաղաքական գործիչների մեջ ուրիշ հարմար թեկնածու չկա՞, չե՞ն պատրաստել, որ միայն ու միայն Սերժ Սարգսյանն է մնացել՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, կարող է ուրիշն էլ լինի, բայց հիմա էս պահին էդ է պետք»:
Մի՞թե Սերժ Սարգսյանն այսքան տարիների ընթացքում իր փորձը չի փոխանցել մեկին, մի հետեւորդ չունի, թե՞ չի վստահում երկրի ղեկը որեւէ մեկին՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Ժամանակի ընթացքում վարչապետը կիմանա արդեն ինչ անի, ոնց անի ու ով կլինի: Կլինի, էլի հետեւորդ, ես ի՞նչ իմանամ, մեկը կլինի, արխային»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ