Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իշխանությունը դասեր չքաղի՝ նման դժգոհություններն ամեն անգամ ավելի ու ավելի մեծ թափով են գլուխ բարձրացնում ու հանգեցնում արդյունքի. Իրակլի Մենագարիշվիլի. «168 ժամ»

Ապրիլ 19,2018 12:01

«168 ժամի» հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին նախարար, վրացի դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին նշեց, որ երկրում բոլոր քաղաքական միջոցներից հետո նման փողոցային բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ կան լուրջ հակաիշխանական տրամադրություններ, քանի որ դրանք ծավալվում են՝ անկախ քաղաքական գործչի անձից, նրա նկատմամբ համակրանքից կամ հակակրանքից, անկախ նրա քաղաքական կշռից, և այլն։

«Բնականաբար, մարդիկ փողոց են դուրս գալիս՝ հույսով, որ իշխանություն է փոխվելու։ Այդ իշխանությունը չի փոխվում, քանի որ առաջնորդները չեն կարողանում ճիշտ ուղղորդել այդ դժգոհությունը, վճռական քայլերի չեն դիմում, գործողությունների ծրագիր չեն ունենում, որի արդյունքում սկսված բողոքի ալիքը մարում է, մարդիկ վերադառնում են իրենց տներ, իշխանությունն արմատական փոփոխություններ իրականացնելու որոշում չի կայացնում, բայց այդ դժգոհությունը չի չքվում փաստորեն, մարդիկ անընդհատ դուրս են գալիս փողոց։ Սակայն մի քանի անգամ ծավալված այդ շարժումների մարումը չի նշանակում, որ միշտ դրանք մարելու են, քանի որ ակտիվիստների չզինված պայքարի տեխնոլոգիաները զարգանում են, գործողությունների ծրագիր է հայտնվում գործիչների ձեռքին, ժամանակի ընթացքում դժգոհությունն էլ ավելի է խորանում, հաճախ նման դեպքերում պայքարին են միանում ուժայինները, և դրանով սկսվում է հեղափոխությունը, ինչպես Վրաստանում 2003 թվականին Վարդերի հեղափոխության ժամանակ, երբ ամեն բան փափուկ ընթացավ, թեև եղան ուժային գործողություններ ևս»,- նման տեսակետ հայտնեց Մենագարիշվիլին։

Նրա խոսքով, քանի դեռ ուժային կառույցները, շարքային ոստիկաններն իրենց տեղերում են, պաշտպանում են իշխանության շահերը, ընդդիմության հաղթանակը շատ բարդ է, քանի որ Ոստիկանությունն ուժ է կիրառում, և դա սովորաբար անհամաչափ է լինում չզինված քաղաքացիների դեմ։ «Շատ կարևոր է, որ ակցիա իրականացնողները հայտարարեն խաղաղ պայքար, և, եթե փողոցում կանգնած է ժողովրդի մեծ մասը՝ իշխանությունը խաղաղ կերպով պետք է հանձնի իշխանությունը կամ համապատասխան փոփոխություններ իրականացնի»,- ասաց Մենագարիշվիլին։

Վրացի դիվանագետը դժվարանում է ասել, թե ինչպես կավարտվի Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությունը։ Սակայն, ըստ նրա, պարզ է, որ հասարակության շրջանում կա դժգոհ հատված, որը պետք է անհանգստացնի իշխանությանը։ «Եթե իշխանությունը դասեր չքաղի՝ նման դժգոհություններն ամեն անգամ ավելի ու ավելի մեծ թափով են գլուխ բարձրացնում ու հանգեցնում արդյունքի։ Ակնհայտ է, որ իշխանության հայտարարած բարեփոխումները ոչ ամբողջությամբ են իրականացվում, իշխանությունը պետք է մտածի այս մասին»,- ասաց նա։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30