Ելքն այս դահլիճում է ու ելքը փողոցում է, միայն այս դահլիճում կամ միայն փողոցում ելք չկա, խորհրդարանում Սերժ Սարգսյանի վարչապետական թեկնածության հարցի քննարկմանն իր ելույթում հայտարարում էր «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը: Նրա ելույթը բավականին զգայական էր, ընդ որում՝ նկատելիորեն պլանավորված, այսինքն՝ զգայական, սակայն ոչ ինքնաբուխ: Այդ զգայականության ներքո, սակայն, արտացոլվում է Հայաստանի անկախության երեք տասնամյակի համար բավականին առանցքային մի խնդիր՝ քաղաքականությունը փողոցի և դահլիճի միջև:
Անկախ Հայաստանի ելակետը փողոցային քաղաքականությունն էր, արցախյան շարժումը, որը հետո պետք է տրանսֆորմացվեր պետական ու հանրային ինստիտուտներում: Դրանք ձևավորվեցին, բայց միայն թղթի վրա, ու այդպիսով քաղաքականությունը, պետականությունը, ըստ էության, խցանված մնացին փողոցի ու դահլիճի ճանապարհին: Այդ իմաստով, վերջին օրերին Երևանում քաղաքացիական անհնազանդության գործընթացի հետևանքով առաջացած խցանումները խիստ խորհրդանշական էին, դրանք խորհրդանշում էին հենց Հայաստանում փողոցի և դահլիճի արանքում խցանված քաղաքականությունը՝ բոլոր առումներով:
Այդ իմաստով, Արամ Սարգսյանի հայտարարությունը, որ ելքը պետք է գտնել թե՛ դահլիճում, թե՛ փողոցում, այլապես գտնել հնարավոր չէ ընդհանրապես, ձևով զգայական, սակայն խորքային բովանդակության իմաստով միանգամայն առարկայական ու հրատապ է:
Բանն այն է, որ Հայաստանում փողոցից դահլիճ, ինստիտուտներ քաղաքականության տեղափոխումը խցանված մնացել է ճանապարհին, որովհետև ձևակերպված չէ խնդիրն ամբողջությամբ, ամբողջությամբ ընկալված չէ, խնդրի շուրջ հասարակական-քաղաքական դիսկուրս ձևավորված չէ, որպեսզի դրա արդյունքում տեղի ունենա տեղափոխման շուրջ, այսպես ասած, ազգային համաձայնությունը: Իսկ առանց դրա, այսինքն՝ առանց այդ խնդրի շուրջ ազգային համաձայնության, քաղաքականությունը անկախ Հայաստանում ոչ միայն երեք, այլ տասը տասնամյակ հետո էլ չի տեղափոխվի դահլիճ, կամ այդ տեղափոխությունը կլինի ահավոր ցավալի և կորստաբեր ճանապարհով, ինչը կարող է այս դեպքում ոչ թե տեղափոխությունը թողնել կիսատ, այլ հայկական պետականությունն ընդհանրապես:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում