«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը նաեւ ընդգծված երիտասարդական է։ Այս իմաստով, իհարկե, վերը նշված «Էլեկտրիկ Երեւան» եւ «100 դրամ» շարժումները եւս հիմնականում «երիտասարդական էին», բայց դրանք չունեցան այն մասշտաբը, որը նկատվում է այս օրերին։ Ուսանողների եւ երիտասարդության մասնակցության այսպիսի մասշտաբը «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման մեջ ուշագրավ է նաեւ նրանով, որ «էլեկտրիկ Երևանը» եւ «100 դրամը» ընդգծված չքաղաքականացված գործընթացներ էին եւ իրենց առաջ որեւէ քաղաքական նպատակ չէին դնում, եւ պատկերավոր ասած, գրավիչ էին երիտասարդների համար։ Նաեւ չունեին ընդգծված հակաիշխանական բնույթ։ Այս օրերին ընթացող գործընթացները զուտ քաղաքական են, ընդգծված հակաիշխանական, ու պարզվում է, որ երիտասարդության համար նման օրակարգը ամենեւին էլ վանող չէ։
«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման մյուս առանձնահատկությունն այն է, որ դրա կազմակերպիչները քաղաքական լայն կոնսոլիդացիայի պայմաններում չէ, որ գործում են։ Այսինքն, այս հզոր շարժումը չի սկսվել մի քանի քաղաքական ուժերի միավորման եւ համատեղ գործողության շնորհիվ։ Նախկինում շատ թե քիչ հզոր գործընթացներին նախորդել է քաղաքական ուժերի կոնսոլիդացիա։ Հակառակը։ Շարժման մեկնարկի նախօրեին հիմնական կազմակերպիչ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մենակ մնաց։ ԵԼՔ դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ոչ միայն չմիացան ՔՊ-ին, այլեւ նույնիսկ կամա, թե ակամա՝ բարդություններ ստեղծեցին պայքարի դուրս եկած իրենց գործընկեր կուսակցության համար։
Մյուս առանձնահատկությունը շարժման աշխարհագրությունն է։ Դժվար է հիշել մի շարժում, որը իր՝ արդեն կայուն «մասնաճյուղերն» ունենա հանրապետության մյուս քաղաքներում, մասնավորապես Գյումրիում եւ Վանաձորում։ Այս քաղաքներում արդեն երրորդ օրն է՝ տեղի են ունենում անհնազանդության տպավորիչ գործողություններ, որոնք զարմացնում են հատկապես տեղաբնակներին, որոնց համար քաղաքական օրակարգով փողոց դուրս գալը ֆանտաստիկայի ոլորտից էր:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում