Իրազեկ քաղաքացիների միավորման աշխատակից, լրագրող Տիրայր Մուրադյանն այս պահին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է, նախնական տեղեկություններով, քաղաքացիական հագուստով երկու ոստիկան նրան այսօր՝ վաղ առավոտյան, ծեծի են ենթարկել Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց: Կրկին նախնական տեղեկություններով, լրագրողը գլխի հատվածում սալջարդ է ստացել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը «Ազատությանն» ասել է, որ Տիրայր Մուրադյանն «Ունի գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ կոնք, ծոծրակային հատված: Հետագա բարդություններ չեն լինի, բայց մի քանի ժամ պարտավոր ենք հսկել»:
Տիրայր Մուրադյանը Aravot.am-ին ասաց, որ իրեն ծեծել են ոստիկանների ներկայությամբ, իսկ ոստիկանները բացարձակապես չեն միջամտել նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը դիմել է ոստիկանների օգնությանը:
Քաղաքացիական հագուստով ոստիկանները, ըստ Տիրայր Մուրադյանի, իրեն ծեծելուց հետո փախել են, իսկ ծեծը սկսել են այն բանի համար, որ լրագրողը նրանց լուսանկարահանել է. «Նրանց վարքը շատ կասկածելի էր, հեռվից դիտարկում էին ցուցարարներին, անընդհատ հեռախոսով էին խոսում, ինչ-որ մարդկանց պատմում էին՝ ինչ է տեղի ունենում: Ես նկարում էի նրանց, հետո, երբ տեսան նկարում եմ՝ փախան, ես փախչելու պահն էլ նկարեցի: Շենքերի արանքով փախան, կորան, հետո մի քանի րոպե հետո հայտնվեցին կողքիս՝ կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց իմ կողքին, ու հարցրին՝ ինչի ես նկարում ու սկսեցին հարվածել գլխիս ու մարմնիս տարբեր հատվածների: Ես ոստիկաններից մեկի թեւից բռնել էի՝ ասում էի լրագրող եմ, ծեծել են, փախչում են, ոչ մի արձագանք»:
Տիրայր Մուրադյանն այս պահին հետազոտվում է հիվանդանոցում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ