Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային վերածնունդ կուսակցությունը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդությունը

Ապրիլ 19,2018 11:04

Ազգային վերածնունդ կուսակցության նախագահի հայտարարությունը

Ազգային վերածնունդ կուսակցությունը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդությունը և հայտնում է իր համերաշխությունը

Ամուր ու ուժեղ հասարակություն ունենալը մեծապես պայմանավորված է քաղաքական համակարգով ու սահմանադրական կարգով: Ինչքան ժողովրդավար, մրցակցային ու մասնակցային է քաղաքական համակարգը, այնքան  բարձր է տվյալ հասարակության մեջ արդարության աստիճանը, ինչն էլ բերում է հասարակության մեջ կոնֆլիկտների նվազեցմանը, տնտեսական և հասարակական նախաձեռնողականության բարձրացմանը, որն էլ իր հերթին օգնում է բարեկեցության անընդհատ, շարունակական աճին: Այս ամենն ուղղակիորեն բարձրացնում է տվյալ հասարակության և նրան քաղաքական սահմանների մեջ առած պետության անվտանգության աստիճանը: Քանզի բարեկեցիկ, ուժեղ տնտեսությամբ, արդարության բարձր մակարդակով պետություններն առավել կայուն են արտաքին վտանգների և ագրեսիաների դեպքում:

Ժողովրդավարական համակարգերի համար կարևոր սկզբունք է իշխանությունից ժամանակին հեռանալու սկզբունքը, որը Հայաստանի և Արցախի Հանրապետություններում  ամրագրված էր սահմանադրությամբ: Այս սկզբունքի անտեսումը, ինչը տեղի ունեցավ Երևանում և Ստեփանակերտում վերջին տարիների ընթացքում, քաղաքական համակարգի համար մահացու հարված է: Հայաստանի և Արցախի Հանրապետություններում թիվ մեկ աթոռից չհեռանալու համար սահմանադրական փոփոխությունների ճանապարհն ընտրելը միայն թուլացրել է մեր հասարակությունները և խոցելի դարձրել մեր անվտանգությունը: Նման քայլերը բերում են հասարակության մեջ արդարության զգացման խրոնիկ պակասին, մարդիկ զրկվում են քաղաքական փոփոխությունների ակնկալիքից, ինչն էլ բերում է արտագաղթի, կապիտալի արտահոսքի, հարկերը չվճարելու ցանկության, մի խոսքով հուսալքության: Այս ամենն ուղղակիորեն հարվածում է երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը:

Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում քաղաքացիական անհնազանդություն, հազարավոր մարդիկ բողոքում են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության դեմ:  Ազգային վերածնունդ կուսակցության և անձամբ իմ անունից ողջունում և մեր համերաշխությունն ենք հայտնում իրենց իրավունքների համար ոտքի ելած քաղաքացիներին և փաստում, որ նրանց գործողությունները ուղղված են քաղաքական մենաշնորհի վերացմանը, Հայաստանում արդար հասարակության ստեղծմանը և այդպիսով բոլորիս անվտանգության և պաշտպանունակության բարձրացմանը:

Հայկ Խանումյան

19 ապրիլի, 2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30