Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը ցուցարարներին մեղադրում է դիտավորյալ բախումներ հրահրելու մեջ

Ապրիլ 19,2018 10:40

Նա կոչ է անում Նիկոլ Փաշինյանին «դադարեցնել անօրինականությունները»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ոչ օրինական հայտարարություններ» եւ «անհնազանդության կոչեր» է համարում ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք արվեցին երեկ, հանրահավաքում, ու զգուշացնում է` դրանք «կարող են ունենալ շատ բարդ եւ վատ հետեւանքներ»: «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե գիտակցելով է անում Նիկոլ Փաշինյանն այդ ամենը, դա իր համար լավ հետեւանքների չի բերի: Եթե պարզապես, անգիտակցաբար է անում նման հայտարարություններ, ապա ինքը պետք է խորհի, պետք է մտածեն դրա հետեւանքների մասին»:

Հիշեցնենք. երեկ երեկոյան կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ապրիլի 16-ին ես հաղթահարել եմ Սերժ Սարգսյանի կառուցած փշալարերը: Որեւէ մեկը չի կարող կասկածել ինձ վճռականության պակասի մեջ, բայց որեւէ մեկը չի կարող կասկածել ինձ նաեւ հիմարության մեջ»: Նա հրապարակեց շարժման ռազմավարությունը. կոչ արեց գյուղերի եւ փոքր քաղաքների բնակիչներին ճնշումներ գործադրել գյուղապետերի, ավագանու անդամների, վարչական շրջանների ղեկավարների վրա եւ նրանց համոզել-պարտադրել հանդես գալ թավշյա հեղափոխությանն աջակցելու մասին պաշտոնական հայտարարություններով: «Գնացեք գյուղապետարաններ, ավագանու անդամներից, որպես նրանց գործատուներ, պահանջեք, որ հանդես գան թավշյա հեղափոխությանը, համաժողովրդական շարժմանն աջակցելու մասին հայտարարություններով: Վաղվանից այս հրապարակից պետք է կոնկրետ հայտարարություններ կարողանանք հրապարակել»,- ասաց նա` հավելելով, որ գյուղապետերի, քաղաքապետերի չեն զանգելու, «առեւտուր» չեն անելու, ժողովուրդը պետք է այդ գործն իրականացնի: Իսկ մայրաքաղաքում պայքարն այսպես է շարունակվելու: Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում մտնել վարչական շենքեր ու պաշտոնյաների սենյակում նստացույց անել, որպեսզի «Սերժ Սարգսյանի պաշտոնյաների համար նստելու տեղ չմնա»: Ասաց. «Մենք պետք է այնպես անենք, որ նստելու տեղ չունենա անգամ ինքը` Սերժ Սարգսյանը: Նա ՀՀ-ում պետք է կաբինետ չունենա»:

Ի դեպ, այսօր առավոտյան, ժամը 8.00-ին, ցուցարարները հավաքվելու են Հանրապետության հրապարակում, շրջափակելու են կառավարական որոշ շենքեր: Հիշեցնենք. այսօր կայանալու է Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարության առաջին նիստը:

«Կարծում եմ՝ ինքը պետք է եզրահանգումներ անի եւ դադարեցնի այդ ամենը: Հակառակ դեպքում բավականին օրենքից դուրս քայլեր կատարվել են. հեղափոխության կոչեր, հեռուստատեսության եւ ռադիոյի շենքի գրավում, անչափահասների մասնակցութուն, ուսումնական հաստատությունների դռների ջարդում, դատական մարմինների շենքերի, մեքենաների շրջափակում եւ այլն: Ինձ թվում է, որ նման ոճով, դա արդեն իսկ հետեւանքները չհասկանալով, թե ինքն ի՞նչ է անում, ո՞ւր է տանում երիտասարդներին, անչափահասներին, որոնք բացարձակապես չեն պատկերացնում եւ խորացած չեն քաղաքականության եւ դրա հետեւանքների մեջ… Ինքը պետք է հետեւություններ անի: Ինձ թվում է՝ ինքը խորաթափանց, խորամիտ կլինի եւ կանի այդ հետեւությունները»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Հանրահավաքներին անչափահասների մասնակցության մասով Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր. ՀՀ օրենքը չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը խաղաղ հավաքներին, դա ՀՀ օրենքներին եւ Սահմանադրությանը համապատասխանում է ու շարժման առավելությունն է: Նա անդրադարձավ նաեւ ՀՀ ԿԳՆ-ի կոչին` դպրոցականներին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ: «Մենք դպրոցականներին որեւէ բանի մեջ չենք ներքաշում:

Մեր երեխաները, ինչպես նախատեսված է Սերժ Սարգսյանի բարեփոխած Սահմանադրությամբ, կարող են իրենք իրենց համար որոշումներ կայացնել, անգամ զանգվածային հավաքների կազմակերպչի դերում հանդես գալ»,- հանրահավաքում ասել էր Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ դպրոցականներին ստիպողաբար տանում էին ՀՀԿ-ի քարոզարշավներն. «Բա երեխաների մասին ինչի՞ չէիք մտածում, որ ստիպելով, ՀՀԿ-ի փուչիկները տալով` քշում էիք Սերժ Սարգսյանի էժանագին քարոզչությանը»: Խոսքը 2012 թվականի ՀՀԿ-ի քարոզարշավի մասին է, երբ նույն հրապարակում փուչիկները պայթեցին:
Երեկ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ էր խոսել ցուցարարների կողմից անօրինական գործողությունների մասին: Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք ցույցերը ցրելու մասին քաղաքական որոշում կա, դրա համար են իշխող ուժի ներկայացուցիչները խոսում ցուցարարների կողմից անօրինական գործողությունների մասին, դրանց հիմքերն են ստեղծում` նախօրեին, գիշերը տեղի ունեցած միջադեպով, երբ անհայտ անձինք հարձակվել էին ոստիկանների վրա եւ անկարգություններ սարքել: Նիկոլ Փաշինյանն ասում է` դրանք «շմայսական բրիգադներն» են:

Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ոչ թե ՀՀԿ-ականները խոսում են, այլ դա փաստ է: Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է նկատում, որ գործողությունները արդեն դուրս են եկել օրինականության սահմաններից»: Իշխող կուսակցության ներկայացուցիչը ցուցարարների կողմից անօրինական գործողությունները դիտավորություն է համարում. «Որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, եւ արդեն բախումներ սկսվեն: Բայց ոստիկանությունը շատ սառնասիրտ է եւ բավական սառնասրտորեն, պրոֆեսիոնալ ձեւով է իրեն դրսեւորում: Առայժմ տեղի չի տալիս: Բայց ամեն ինչն ունի չափ, սահման: Այսպիսով խաղալ երկրի հեղինակության հետ, քայքայել ներքաղաքական իրավիճակը, ինձ թվում է՝ դրա հետեւանքները, եթե անչափահասները, այն փոքրիկները չեն հասկանում, գոնե իրենք` քաղաքական փորձ ունեցողները, պետք է հասկանան: Սա դիտավորություն է, եւ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իրենց վրա»:
Հետաքրքրվեցինք` ո՞րն է իշխանության համբերության սահմանը, մինչեւ ե՞րբ ոստիկանությունը չի միջամտի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Հույս ունենք, որ իրենք բավական հասուն մարդիկ են եւ կգիտակցեն ու կդադարեցնեն այդ ամենը: Ոստիկանությունն արդեն իսկ մի քանի անգամ իրազեկել է անօրինականությունները դադարեցնելու մասին: Ամենը սահման ունի: Եթե իրենք հետեւություններ չանեն, բնականաբար, պատկան մարմինները արդեն պետք է հետեւություններ անեն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

19.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30