Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշխարհաքաղաքական» բաղադրիչ չկա

Ապրիլ 19,2018 10:13

Հենց որ Հայաստանում ընդդիմադիր հանրահավաքներ են սկսվում, խուճապի մեջ են հայտնվում ոչ այնքան Հայաստանի իշխանությունները, որքան Կրեմլի քարոզիչները: Չգիտեմ՝ ինչի վրա են հիմնված այդ մարդկանց եզրահանգումները, բայց նրանց աչքին ամեն քայլափոխի «մայդան» է երեւում: Այս օտարահունչ բառով նրանք բնութագրում են Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունը, որի արդյունքում այդ երկիրը քաղաքականապես հեռացավ Ռուսաստանից եւ փորձում է Եվրոպայի մաս կազմել: Թե որքանով է դա հաջողվում՝ այլ հարց է, բայց հայաստանյան բողոքներն այդ ամենի հետ ոչ մի կապ չունեն: Հայաստանում բողոքներն «աշխարհաքաղաքական» բնույթ չեն կրում, դրանք մշտապես ուղղված են երկրի առաջին դեմքի դեմ, քանի որ թե՛ ցուցարարները եւ թե՛ նրանց առաջնորդները վստահ էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, իսկ հիմա՝ Սերժ Սարգսյանի հեռացմամբ երկիրը կբռնի բարգավաճման եւ զարգացման ուղին: Ռուսաստանի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ այդ համոզմունքը բացարձակապես կապ չունի:

Այնպես որ, վերոհիշյալ քարոզիչները անհանգստանալու, «Ամերիկայի ձեռքը» տեսնելու որեւէ հիմք չունեն՝ Հայաստանում այդ իմաստով երբեք «մայդան» չի լինի: Անգամ եթե զուտ տեսականորեն ենթադրենք, որ հեղափոխականներն այս անգամ հաջողության կհասնեն, Հայաստանի արտաքին կողմնորոշման մեջ ոչ բան չի փոխվի: Եվ հետո՝ մեր երկրում արմատական ընդդիմադիր շարժումները երբեք այդքան հեռուն չեն գնացել, նման խնդիրների մասին ընդհանրապես չեն մտածել եւ ղեկավարվել են հետեւյալ տրամաբանությամբ՝ «այսինչին գահից գցենք, հետո կմտածենք»:

Բայց ես չեմ բացառում, որ եթե այս գործընթացը մի քիչ էլ շարունակվի, ապա Հայաստանում նույնպես շահագրգիռ կողմերը կսկսեն հայտարարություններ անել՝ ենթադրաբար, հակառուսական: Դա կնշանակի, եթե օգտագործենք այսօր հաճախ կիրառվող բառերը՝ «բզբզոց» կամ «սադրանք»: Շատ կարեւոր է, որ կողմերից որեւէ մեկն այդ սադրանքին չտրվի: Հիշո՞ւմ եք, ՊՊԾ գունդը գրավելու օրերին ինչ-որ մեկը ապատեղեկատվություն քցեց, թե իբր Հայաստան է ժամանել ռուսական «Ալֆա» ջոկատը՝ դասական սադրանք, որին մեր միամիտ քաղաքացիներից շատերը հավատացին: Չեմ բացառում, որ հիմա էլ լինեն նման սադրանքներ:

Մեր խնդիրները մենք՝ հայաստանցիներս, կլուծենք: Ընդ որում, ինձ համար կարեւոր չէ, թե որ կողմը «կհաղթի»: Կարեւոր է, որ հաղթի բանականությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Այո, արժի յաւելեալ յիշատակել, որ այս ցոյցերում «աշխարհաքաղաքական բաղադրիչ» չկայ ի հեճուկս մայդանացաւով տառապողների:

    Բայց նաեւ նշենք, որ աշխարհաքաղաքական բեւեռներն ու բեւեռիկներն ուշի ուշով հետեւում եմ ծաւալուող դէպքերին: Հայաստանի իշխանութիւնների համար սա մի տեսակ քննութիւն է ԵՄի առաջ՝ ցոյց տալու, որ հաւատարիմ է իւր կողմից վաւերացրած համաձայնագրին (հակառակ դէպքում՝ լաւ օրեր չեմ սպասւում):

    Այս իմաստով շրջադարձային, կրիտիկական օր է Ապրիլ 23ը, երբ մեկնարկում են Եղեռնի տարելիցի ԶԱՆԳՈՒԱԾԱՅԻՆ միջոցառումները: Ցրե՞լ ցոյցերը մինչ այդ, թէ՞ ոչ: Այս է խնդիրը:

    Մնացել է 3 օր:

  2. Avag says:

    դու ավելի լավ ա խոսա, թե ոնց եր դպրոցական երեխեքին առաջի շարքում գետին պառկացրել

  3. Հ.Շ. says:

    «Աշխարհագրական բաղադրիչ չկայ», հաւանաբար ոչ որպէս ծրագրուած լուրջ դաւադրութիւն:

    Սակայն անհերքելի է որ Պաղ Պատերազմի դաշտին վրայ, մէկ կամ միւս կողմին ձեռնտու է որ Հայաստանը անկայուն լինի, չզարգանայ, չկանգնի, ճահճանայ իր խեղճութեան մէջ… Եւ դժուար չէ տեսնելը թէ ո՞րմէկ կողմի մասին է խօսքը:

    Սակայն եթէ այդպիսի թաքուն դաւադրութիւն չկայ, ատոր պատճառը անպայման այն չէ, որ չեն ուզում այդ միջոցներին դիմել – ինչպէս որ ըրին, այլ երկիրների պարագային – :

    Քանզի հայերուն լաւ ճանչնալով, գիտեն արդէն որ խոր հակումներ ունինք ներքին պառակտումներու, եղբայրասպան կռիւներու, հաւաքական խանդավառ ինքնափճացման… Հետեւաբար, ինչո՞ւ աւելորդ ճիգ թափեն… Մէկդի կը կանգնին, կը դիտեն… Եւ կ’օգտուին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30