Բոլոր գերատեսչական շենքները հսկվում են ոստիկանների կողմից, իսկ ՀՀԿ գրասենյակը մետաղական արգելափակոցներով է շրջափակված: Ընդդիմությունը որպես բողոքի նշան շրջափակում է Կառավարության երրորդ մասնաշենքի մուտքերը:
«Կառավարության շատ աշխատակիցներ շնորհակալ կլինեն բոյկոտել կառավարության աշխատանքները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ կոչ օրեց հնարավորինս խուսափել ոստիկանների հետ բախումներից եւ միշտ բաց պահել նրանց տեսադաշտը: Տարածքում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ իրենց երեկվա հայտարարությունից հետո կառավարության նիստի ժամը փոխվել է՝ ժամը յոթին է լինելու: Փաշինյանը հավաքի մասնակիցներին տարավ Վարդանանց փողոց: Ցույցի մասնակիցները շղթա են կազմել ու շրջափակել Կառավարության երրորդ մասնաշենքը, որպեսզի նախարարությունների աշխատակիցները չկարողանան մուտք գործել: Մելիք Ադամյան, Հանրապետության, Վարդանանց փողոցների մոտ ընդդիմությունը փորձում է արգելափակել բոլոր մուտքերը:
Նախարարությունների շենքում կան որոշ աշխատակիցներ, նրանք պատուհաններից հետեւում են ընդդիմության բողոքի գործողություններին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Այս պահին ոստիկանները փորձում են ցուցարարներին տեղաշարժել դեպի մայթեզր ու բերման են ենթարկում ցուցարարներին: