Հայաստանում քաղաքական բանտարկյալների զորակցության Փարիզի կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ հավաքված Փարիզում Հայաստանի դեսպանատան առջեւ, մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանում թափ առած համաժողովրդական շարժմանը։ Եվ հույս ենք հայտնում, որ Հայաստանում մոտ 30 տարի ի վեր իշխող օլիգարխիկ համակարգի դեմ պայքարող բոլոր ուժերը համախմբվեն։Այո, կոչ ենք անում այդ բոլոր ուժերին համախմբվել, քանի որ իշխող համակարգի դեմ իրական հաղթանակ տանելու միակ նախապայմանն է դա։
Եվ այդ համախմբման առաջնահերթ պահանջներից՝ Սերժ Սարգսյանի ու մյուս բոլոր՝ երկրի ղեկին նստածների հեռացումին զուգահեռ, պետք է լինի բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, ինչն էլ նախերգանքը կհանդիսանա մի իրական եւ բացարձակ իշխանափոխության։
Այսօր մենք համընդհանուր մոբիլիզացիայի կոչ ենք անում, լինի դա Հայաստանում թե սփյուռքում, դատապարտելու համար ոստիկանության կողմից ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառումը եւ պահանջում ենք բերման ենթարկված ցուցարարների անհապաղ ազատ արձակումը»: