Հանրապետության Հրապարակում մեկնարկել է ընդդիմության հավաքը: Շրջակայքում մեծ թվով վահաններով եւ սաղավարտներով ոստիկաններ են կուտակված: Կենտրոնական բանկի եւ այլ գերատեսչությունների մոտ հերթապահություն է իրականացվում:
«Մեր մարտավարությունը մոբիլ մարտավարություն է՝ կախված իրավիճակից, ոստիկանության տեղակայումից: Պետք է բացառենք ոստիկանության հետ բախումը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ հայտնեց, որ ոստիկանները իրավունք չունեն հատուկ միջոցներ կիրառել խաղաղ բնակչության դեմ. «Ո՞վ է ասել, որ մուտք ենք գործելու հենց կառավարության նիստի ժամանակ, իսկ եթե խաղաղ ցուցարարը մուտք գործի, դա խաղաղ ակցիա է միջազգային կոնվենցիաներով, ոչ ոք իրավունք չունի զենք կամ հատուկ միջոցներ կիրառել»:
Փաշինյանը խոսեց Սերժ Թանկյանի հետ հեռախոսազրույցից. «Մեր ներկայացուցիչները միջնորդավորված հասցրել էին մեր մեսիջը Սերժ Թանկյանին: Իսկ երեկոյան խոսակցություն ունեցանք, նա միանշանակ աջակցություն հայտնեց գործընթացին: Ինքը իր որոշումը կհրապարակի գալ-չգալու վերաբերյալ: Սերժ Թանկյանը հաճելի զրուցակից է, հրաշալի հայերեն գիտի, մենք եղբայրաբար շփվեցինք: Իսկ Շարլ Ազնավուրի թիմից դեռ նորություն չկա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ