Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չի, որ Սերժ Սարգսյանի համար մեծ բան են արել, Լեւոն Տեր-Պետրոսյանին տված տունը ավելի մեծ արժեք է ունեցել»

Ապրիլ 19,2018 13:30

Գալուստ Սահակյանը՝ Սերժ Սարգսյանին ուղղված
երեկվա քննադատությունների մասին

«Գալուստ Գրիգորիչը երբեք չի փոխվի, միշտ նույնն է մնում»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանն այսպես հակադարձեց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանին, որը երեկ ԱԺ-ում Սերժ Սարգսյանին դժգոհում էր, որ մեր երկրում ոչ մի փոփոխություն չի լինում, միայն Գալուստ Գրիգորիչն է փոխվել:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ: Նա իր ելույթում եւ պատգամավորների հարցերին պատասխանելիս մի քանի դիտարկումներ էր արել, որոնց հետ կապված զրուցեցինք Գալուստ Սահակյանի հետ:

Նախ՝ կառավարության որոշմամբ Սերժ Սարգսյանին տված կառավարության ամառանոցի առանձնատան հարցի հետ կապված «Ելքի» պատգամավորներ Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը քննադատեցին Սերժ Սարգսյանին, վերջինս էլ ասաց, որ եթե օրենքով դա իրեն չի հասնում, պատրաստ է վերադարձնել, բայց եթե հասնում է, պիտի շնորհավորեն իրեն, որովհետեւ ինքն էլ ունեցավ սեփականություն Երեւանում: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Զավենիչն ու Զեյնալյանը տեղը չեն բերում. «Նախագահին եթե նոր տեղ առանձնատուն տային, պիտի ուրեմն այդ առանձնատունը նորից նախապատրաստեին, այսինքն՝ պետության վրա մեծ թվեր էին նստելու: Իսկ հիմա, քանի որ նախագահական չի մեր պետությունը, խորհրդարանական է, այնտեղ, որտեղ հիմա ինքը ապրում է, էդ շենքն են սեփական տվել, այդտեղ ես որեւէ բան չեմ տեսնում»:

Դիտարկմանը, որ որեւէ պաշտոնաթող նախագահի կառավարության այդ ամառանոցի առանձնատներից սեփականության իրավունքով չեն տվել, ուրեմն ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսյանը տարբերվի, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ առումով ավելի շահեկան վիճակում է առաջին նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Այն ժամանակ տեղ կար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին տվեցին, դա ամենապատմական տեղն էր, էսօրվա կառավարության ամառանոցի տեղերի հետ համեմատած՝ նա բավականին բարձր արժեք ունեցող շենք էր: Այնպես չի, որ էս պարագայում Սերժ Սարգսյանի համար ինչ-որ մեծ բան են արել: Լեւոն Տեր-Պետրոսյանին տված տունը ավելի մեծ արժեք է ունեցել այն ժամանակ: Դե հիմա ընդդիմություն է, պիտի իր խոսքն ասի, քննադատի»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ երբ ինքը ԱԺ նախագահ էր, իրեն էլ էր հատկացված այդ առանձնատներից մեկը, բայց ինքը չի գնացել. «Չուզեցի գնամ էնտեղ ապրեմ: Ես սիրում եմ իմ 3 սենյականոց ընդհանուր բնակարանը, որտեղ ապրում եմ»: ԱԺ ներկայիս նախագահ Արա Բաբլոյանը նույնպես չի ցանկացել այնտեղ բնակվել: Գալուստ Սահակյանի դիտարկմամբ՝ «Արա Բաբլոյանը կարող է մե՜ծ տուն ունի, իրեն ձեռ է տալիս, կամ չի ուզում այնտեղ ապրել, նայած ոնց: Իմիջիայլոց ասեմ, Անդրանիկ Մարգարյանն էլ չգնաց երբեք ապրելու այնտեղ»:

Թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ասաց՝ շնորհավորեք, ես էլ ունեցա սեփականություն Երեւանում, մի՞թե մինչ այդ նա որեւէ սեփականություն այստեղ չուներ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ թե Սերժ Սարգսյանն է վերցնում, օրենքն է դա տալիս իրեն, ինչո՞ւ չվերցներ, իրեն հասնում է, ինչո՞ւ չվերցնի»:

Դիտարկմանը, որ այս աղքատ երկրում, որ իր ունեցածի հետ այդ առանձնատունը չվերցներ, ի՞նչ կլիներ, Գալուստ Սահակյանը վիրավորվեց աղքատ բառից. «Մեր երկիրը աղքատ չի, մեր ճաշակն է աղքատ»:

ԱԺ-ում Սերժ Սարգսյանը, խոսելով սոցիալական վիճակի մասին, ասաց, որ Հայաստանում 1 մլն մարդ ավանդ ունի: Նրա խոսքով՝ «2018-ի հունվարի 1-ի դրությամբ ավանդները 1 տրիլիոն 553 մլրդ դրամ են կազմում, այսինքն՝ մեր քաղաքացիների խնայողությունները 10 անգամ ավելացել են: Որպեսզի չխոսեն նրա մասին, որ այս երկրում միայն հարուստներն են փող պահում կամ ավանդ դնում բանկերում, նշեմ, որ այդ 1 տրիլիոն 553 մլրդ դրամի ավանդների ճնշող մեծամասնությունը մինչեւ 7 մլն դրամ ավանդներն են»: Սա, ըստ Սերժ Սարգսյանի, խոսում է մեր ժողովրդի կենսամակարդակի մասին:

Գալուստ Սահակյանը միանշանակ համաձայն է. «Գիտեմ, որ այնքան էլ այդ աղքատ վիճակը չկա, որ ընդդիմությունը խոսում է: Մենք ունենք մոտավորապես, եթե այդպես մանրակրկիտ նայենք, մի 80-100 հազար ժողովուրդ, որոնք շատ վատ վիճակում են ապրում: Իսկ եթե այդքան ժողովուրդ ունենք, որ վատ վիճակում է ապրում, երբեւիցե արդեն կապ չունի, թե մնացածն ինչպես են ապրում»: Մեր դիտարկմանը՝ Էդմոն Մարուքյանն ինչպես ասաց՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչպես ներկայացնում են ՀՀԿ-ականները, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իմիջիայլոց, եթե ես խոսելու լինեի, պիտի ասեի՝ այն ժամանակ, երբ Մարուքյանը գալիս էր Ազգային ժողով, այն ժամանակ էլ Հանրապետականին էր գովում, որ ամեն ինչ լավ է»:

Մեր զարմանքին՝ ե՞րբ է ՀՀԿ-ին գովել Մարուքյանը, մեծամասնականով ընտրված պատգամավոր է եղել, անկախ է եղել, ինչո՞ւ պիտի գովեր, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հասկացանք, բայց ո՞վ ա ընտրել՝ հանրապետականները՝ մե՛նք»: Մենք ճշտեցինք՝ դո՞ւք եք ընտրել Մարուքյանին, Գալուստ Սահակյանը վստահ պատասխանեց. «Այո՛»: Հարցին՝ բա դուք Վիկտոր Դալլաքյանի՞ն չէիք պաշտպանում, Սահակյանը պատասխանեց. «Դալլաքյանին ասածը հետեւյալն էր՝ եթե չանցնես, կգաս կաշխատես նախագահի աշխատակազմում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

18.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30