1993 թ. ապրիլի 17-ը՝ հիշատակի օր
1993 թ. ապրիլի 17-ին Շահումյանից Երեւան գալիս ուղղաթիռին հասցված հարվածի հետեւանքով զոհվեցին Շահեն եւ Հայկ Մեղրյանները, Արտակ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆիկ Բադալյանը, Արմեն Բազյանը, Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմը՝ Ջանփուլադ Մուրադյանը, Արամ Գրիգորյանն ու Իոսիֆ Միքայելյանը:
Միայն երեք տարի առաջ հոկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Շահեն Մեղրյանին հետմահու շնորհեց «Արցախի Հերոսի» բարձրագույն կոչում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության եւ անձնական արիության համար:
Մինչեւ Արցախյան շարժումը մասնագիտությամբ տնտեսագետ Շահեն Մեղրյանը 1991-1992 թթ. շրջանի շրջկոմի նախագահն էր եւ առաջին քարտուղարը։
Հայդուկապետի մարտական ուղին սկսվել է 1988 թ.-ին: Շահենը կազմակերպել է զինված ջոկատներ։ Շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի ունեցավ Մանաշիդ գյուղում 1990թ. հունվարի 12-13-ին, երբ ազերիները փորձեցին գյուղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գյուղի սահմաններից։ Թշնամին մեծ կորուստներ տվեց այդ մարտում։
1991 թ. Շահենը՝ իր ջոկատների հետ սեպտեմբերի 11-13-ին ազատագրեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը խոսելով Շահեն Մեղրյանի մասին, ասել է. «Շահենը չուներ ռազմագիտական կրթություն, սակայն փայլեց նաեւ իր ռազմական տաղանդով: Նա կարողացավ օդային փոխադրակապ հաստատել Հայաստանի հետ, եւ հաջողությամբ զենք ու զինամթերք էր տեղափոխում Շահումյան, իսկ այնտեղից էլ Արցախի մյուս շրջաններ»:
Սամվել Բաբայանն անդրադառնալով Շահումյանի կորստի խնդրին, նշել էր, որ Շահենը ձեռնարկել է պարտիզանական մարտավարության կռիվներ, ձեւավորելով «Եղնիկներ» ջոկատը: Գտնվելով անտառներում՝ նրանք մեծ վնասներ հասցրեցին թշնամուն:
Իսկ Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, թե՝ «Մենք չէինք պատկերացնում Շահումյանն առանց Շահենի: Որովհետեւ ամեն մեկը չի կարող իրականության տարբեր կողմերն ի մի բերել եւ ամեն ինչ միավորել ու ղեկավարել: Երբ Շահենի աչքերի մեջ էիր նայում, Շահումյանն էիր տեսնում, այլ պատկերացում չկար: Պարտիզանական շարժումը որ սկսվեց, դա էլ պայմանավորված էր այդ հանգամանքով, որ Շահենը չէր կարող ապրել առանց Շահումյանի»:
Ժամանակի մամուլն արձագանքել է, թե Շահումյանի անկմանը, թե պարտիզանական ջոկատների առանձին գործողություններին, ու Շահենի մտահոգություններին:
1992թ. հուլիսի 30-ին «Ազատամարտում» Շահեն Մեղրյանը պատասխանելով լրատվամիջոցի հարցին, թե ինչն է շահումյանցիներին միավորողը, ինչին են վստահում, պատասխանել է. «Շահումյանը կազատագրվի, բայց ոչ այն մարդկանց ձեռքերով, որոնք խաղում են ժողովրդի ամենասուրբ զգացումների հետ»:
Դնեպրիկ Բաղդասարյանն էլ 1993թ. «Շահումյանի պաշտպանությունը եւ կանխորոշված ողբերգությունը» հրապարակման մեջ, որը դարձյալ տպագրվել է «Ազատամարտում», գրել է. «Շահումյանի շրջանը, որի ղեկավարությունը ՀՅԴ-ի նվիրյալներն էին, կարծում եմ՝ այդ իսկ պատճառով հայտնվել էր հարազատ հորը կորցրած ու խորթ մոր ձեռին նայող զավակի վիճակում, որին կարելի էր մի կտոր չոր հացով ու մի բաժակ ջրով պահել, դրանով բարոյական պարտքը կատարած համարել ու սպասել մինչեւ ազերիները բարեհաճեն մեր առաջնորդին ու նրա սպարապետներին Շահումյան կոչվող գլխացավանքից ու ավելորդ անհանգստությունից ազատելու»:
Իսկ Արամ Գ. Սարգսյանը ասել էր. «Շահեն Մեղրյանը պաշտպանեց Շահումյանն այնքան, որքան կարող էր»:
Հրապարակագիր, ճանաչված արձակագիր Ռուբեն Հովսեփյանը գրել էր. «Ափսոս, հազար ափսոս, որ կյանքով լեցուն, առողջ մտածողությամբ զտարյուն այդ հայ մարդուն Հայաստանում քչերն են ճանաչում: Նա այս հանրապետությանը, այս երկրին, այս ազգին օդի պես պետք էր ողջ եւ առողջ»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
18.04.2018