Քիչ առաջ ցուցարարները վերադարձան Հանրապետության հրապարակ, ծածանեցին ՀՀ դրոշը, հնչեց այս օրերին ծնված «Իմ քայլը, քաղաքացու երգ» հիթը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով. «Այն իրավիճակը, որ կանխատեսել էինք Սերժ Սարգսյանի համար, իրականություն է: Մենք գնացինք ու տեսանք, որ Սերժ Սարգսյանն ապրում է զրահապատ մեքենաների, մի քանի շարք ոստիկանների, սաղավարտների և վահանների ետևում: Եվ այլ կյանք Սերժ Սարգսյանը Հայաստանում չի ունենալու: Մենք սրանում համոզվեցինք»:
Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին շնորհակալություն հայտնեց այս լարված երթը բարձր մակարդակով անցկացնելու համար: Այնուհետև ներողություն խնդրեց, եթե որևէ մեկին անհարկի շփոթել է սադրիչի հետ: Ավարտելով պարոն Փաշինյանն ասաց. «Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են գիշերել հրապարկում, առավել ևս, պատրաստ են առավոտյան ժամը 8-ին լինել այստեղ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ