Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները հասան Բաղրամյան, բարի գիշեր մաղթեցին ոստիկաններին և հետ դարձան. (Ֆոտոշարք)

Ապրիլ 18,2018 23:21

Ցուցարարները հասան Բաղրամյան պողոտա: Արդեն Դեմիրճյան փողոցի մուտքը փակ է: Պռոշյան Դեմիրճյան խաչմերուկը ևս փակ է: Ցուցարարները ծափերով ողջունեցին ոստիկաններին: «Ոչ մի սադրանք», «Ոչ մի անհարգալից վերաբերմունք մեր ոստիկանների հանդեպ», «Ոչ մի ագրեսիվություն», «Ոչ մի անպատշաճ պահվածք»:

Վահաններով ու սաղավարտներով ոստիկանության մի քանի շարքեր կանգնած են ՀՀ վարչապետի նստավայրի դիմաց, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանի հատվածում: Մի պահ ոստիկանները շարժեցին վահանները, և այնպիսի տպավորություն ստացան ցուցարարները, որ նրանք փորձում են գործողությունների դիմել: Ու ցուցարարները գոչեցին՝ խաղաղություն:

Բաղրամյան պողոտայում են ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նշենք, որ ներկայացված տեսարանին ականատես լինելով՝ ցուցարարները բարի գիշեր և խաղաղ ծառայություն մաղթեցին ոստիկաններին և որոշեցին հետ գնալ Բաղրամյան պողոտայից:

Ազատություն ռադիոկայանի լրագրողի հարցին՝ ո՞րն էր Բաղրամյան գալու ուղերձը՝ պարոն Փաշինյանը պատասխանեց. «Մենք եկանք ու համոզվեցինք, որ Սերժ Սարգսյանի նստավայրը շրջապատված է վահաններով, կանգնեցված է զրահապատ մեքենա: Սա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը մեկուսացած է սեփական երկրում: Ես խոստացել էի, որ Սերժ Սարգսյանը սրանից հետո Հայաստանը տեսնելու ոստիկանական վահանների ծակերից»:

Լրագրողների դիտարկմանը՝ փորձը ցույց է տվել, որ պայքարի ձգձգումը մաշում է նշանակում, պարոն Փաշինյանը բերեց Ղարաբաղյան շարժման օրինակը, որը ևս երկար է տևել, բայց հանգել է հաղթանակի:

Վաղվա պլանների մասին Նիկոլ Փաշինյանը փոխանցեց հետևյալը. «Ժամը 8-ին Հանրապետության հրապարակում հավաքվել ու շրջափակել մի շարք գերատեսչությունների շենքեր, որ աշխատողները չկարողանան մուտք գործել իրենց աշխատավայրեր»:

«Ազատություն» ռադիոկայանը երթի ընթացքում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած այն կարծիքը, թե այն երկրում, որտեղ անկայուն է ներդրումներ չեն կատարի, պարոն Փաշինյանը ձեռնպահ մնաց արձագանքելու՝ ասաց, կկարդա, կծանոթանա, եթե պետք լինի, կարձագանքի:

Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցներին հատուկ շնորհակալություն հայտնեց կազմակերպվածության համար: Պատմեց, որ մի բարձրաստիճան ոստիկան պնդում էր, որ ինքը չի կարող ժողովրդին երթով տանել Բաղրամյան պողոտա և խաղաղ հետ տանել: Նրանք վստահեցրել են, որ սադրիչները կարող են ավելին անել, քան ցուցարարների գաղափարները: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բայց մենք ցույց տվեցինք, որ մենք գաղափարների և քաղաքացիական շարժում ենք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30