Նիկոլ Փաշինյանը տարակուսած է, որ երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպի առիթով ձերբակալվածներ չկան: Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում, անդրադառնալով այդ իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե երեկվա հանրահավաքից հետո իրենք մարդկանց տուն չուղարկեին, ապա այսօր այդ մարդիկ էին ձերբակալված լինելու:
Ասում է, նախապես տեղեկություն ունեին սադրանքի մասին. «Սերժ Սարգսյանը, որ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է, իրեն դրել է Լեւոն Արոնյանի տեղը: Բաց երեկ երեկոյան, Սերժ Սարգսյանի բանդաները մի փոքր թատրոն խաղացին`հնդկական կինոյի ոճով եւ գնացին տուն: Հատկանշական փաստ. երեկվա ջարդուփշուրի պարագայով որեւէ մեկը չի ձերբակալվել, որովհետեւ, ըստ սցենարի, Շմայսի կազմակերպած ջարդուփշուրի արդյունքում ոչ թե նրանք պիտի ձերբակալվեին, այլ դուք: Եվ այդ էր պատճառը, որ երեկ մենք ձեզ ուղարկեցինք ձեր տները`քնելու: Որեւէ մեկը չի կարող մտածել, որ ինքը կարող է ավելի խելոք գտնվել, քան Հայաստանի ժողովրդի հավաքական խելքը եւ գիտակցությունը»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հեշտ է շարժման մասնակիցներին եւ սադրիչներին տարբերակել. առաջինների դեմքից սեր, ինտելեկտ է թափվում: Նա շարժման մասնակիցներին, հատկապես երիտասարդների մեկ անգամ էլ կոչ արեց`չտրվել սադրանքներին, քանի որ «սադրիչներն ուզում են մեր պարտությունը եւ Սերժ Սարգսյանի հաղթանակը»:
«Ապրիլի 16-ին ես հաղթահարել եմ Սերժ Սարգսյանի կառուցած փշալարերը: Որեւէ մեկը չի կարող կասկածել ինձ վճռականության պակասի մեջ, բայց որեւէ մեկը չի կարող կասկածել ինձ նաեւ հիմարության մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ ոստիկանությունն ինքը մեր առաջ պիտի բացի Բաղրամյան 26-ի դռները:
Նա անդրադարձավ նաեւ այն մեղադրանքներին, որ շարժմանը մասնակցում են անչափահասներ եւ դպրոցականներ: Ասաց`ՀՀ օրենքը չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը խաղաղ հավաքներին, դա ՀՀ օրենքներին եւ Սահմանադրությանը համապատասխանում է ու շարժման առավելությունն է: Նա անդրադարձավ նաեւ ՀՀ ԿԳՆ-ի կոչին`դպրոցականներին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ: «Մենք դպրոցականներին որեւէ բանի մեջ չենք ներքաշում: Մեր երեխաները, ինչպես նախատեսված է Սերժ Սարգսյանի բարեփոխած սահմանադրությամբ, կարող են իրենք իրենց համար որոշումներ կայացնել, անգամ զանգվածային հավաքների կազմակերպչի դերում հանդես գալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով. «Բա երեխաների մասին ինչ չէի՞ք մտածում, որ ստիպելով, ՀՀԿ-ի փուչիկները տալով`քշում էինք Սերժ Սարգսյանի էժանագին քարոզչությանը»:
Նա դպրոցականներին կոչ արեց բոլոր դպրոցներից հանել Սերժ Սարգսյանի դիմանկարները եւ դրանք շպրտել պատուհաններից: «Դուք եք այս երկրի վաղվա օրը եւ այսօրվանից պետք է սովորեք`ՀՀ քաղաքացին չի կարող ծնկի գալ որեւէ մեկի առաջ»,- ասաց նա:
Այդ ընթացքում հավաքվածները վանկարկում էին «Նիկոլ, Նիկոլ»: Նիկոլ Փաշինյանը ընդհատեց`«այն կողմից ավելի օգտակար վանկարկում էին անում»: Մյուս կողմից «դասադուլ» էին վանկարկում: «Դասադուլ արեք, այդպիսով սովորեք թե ինչպես դառնալ ՀՀ-ի համար օգտակար, հզոր քաղաքացի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հավաքում նոր կարգախոս էլ ծնվեց`«Ազատ, անկախ ուսանող»: Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ ապրիլի 13-ին ԵՊՀ-ն փակեց դռները իր եւ շարժման մասնակիցների առջեւ, իսկ այսօր չփակեց: Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ի եւ Մանկավարժական համալսարանի ղեկավարներին:
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա: Վաղը`առավոտյան 8.00-ին կհավաքվեն Հանրապետության հրապարակում: Հիշեցնենք, որ վաղը Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է կայանալու:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղը շրջափակելու են կառավարական մի քանի շենքեր, որպեսզի աշխատակիցները չկարողանան ներս մտնել: Բայց չասաց, թե ո՞ր շենքերը: Ասաց`անակնկալ են պատրաստել Սերժ Սարգսյանի համար: Նա չհամաձայնեց այդ շենքերը գիշերը շրջափակել: Ասաց`անպատեհ չոգեւորվենք, քանի որ գիշերը քիչ են լինում մնացողները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ