Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն անդրադարձավ երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպին, այն սադրանք որակելով:
Հիշեցնենք, մի խումբ անձինք հարձակվել էին ոստիկանների վրա եւ անկարգություններ իրականացրել մայրաքաղաքի կենտրոնում: Նա կոչ արեց իրենց համակիրներին`պահպանել խաղաղ անհնազանդության սկզբունքը: Ասաց`այսօր այդ կերպ շարունակելով բողոքը`հաջողությունների են հասել, կաթվածահար են արել ամբողջ ոստիկանական համակարգը: Այն քաղաքացիներին, որոնք կտարվեն ոստիկանություն, Արմեն Գրիգորյանը կոչ արեց չհրաժարվել փաստաբաններից եւ հանդարտություն պահպանել, այլ գործողություններ չձեռնարկել:
Արմեն Գրիգորյանը ուշագրավ է համարում, որ միջազգային հանրության կողմից մինչ այս պահը շնորհավորանքներ չեն հնչել Սերժ Սարգսյանի`վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը մերժում է նրան: Միջազգային հանրությունն էլ է արել իր քայլը»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանն էլ ուսանողներին առասպելական վիշապի հետ համեմատեց. «Գլուխը կտրում ես`տեղը մի քանիսն են աճում»: Նկատի ունի, որքան ճնշումներ են գործադրվում եւ դռներ են փակվում`ուսանողներին զերծ պահելու համար ընդդիմության հավաքներին մասնակցելուց, այնքան մասնակից ուսանողների թիվն ավելանում է: Մարինա Կարապետյանը կարծում է, որ իշխանափոխություն իրականացնելուն զուգահեռ Հայաստանում ձեռքի հետ «լիքը բան» են փոխում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ամէն պատրուակ լաւ է, դասից փախչելու համար…