Հանրապետության հրապարակում ընթացող «Քայլ արա մերժիր Սերժին» խորագրով հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թե ինչպե՞ս են պատկերացնում թավշյա հեղափոխության տրանսֆորմացիան իշխանափոխության:
Նա կոչ արեց` գյուղերի եւ փոքր քաղաքների բնակիչներին` ճնշումներ գործադրել գյուղապետերի, ավագանու անդամների, վարչական շրջանների ղեկավարների վրա եւ նրանց համոզել-պարտադրել`հանդես գալ թավշյա հեղափոխությանն աջակցելու մասին պաշտոնական հայտարարություններով: «Գնացեք գյուղապետարաններ, ավագանու անդամներից, որպես նրանց գործատուներ, պահանջեք, որ հանդես գան թավշյա հեղափոխությանը, համաժողովրդական շարժմանն աջակցելու մասին հայտարարություններով: Վաղվանից, այս հրապարակից պետք է կոնկրետ հայտարարություններ կարողանանք հրապարակել»,- ասաց նա`հավելելով, որ գյուղապետերի, քաղաքապետերի չեն զանգելու, «առեւտուր» չեն անելու, ժողովուրդը պետք է այդ գործն իրականացնի:
Իսկ մայրաքաղաքում պայքարն այսպես է շարունակվելու: Նա քաղաքացիներին կոչ է անում`եթե գործով գնում են նախարարություններ կամ այլ վարչական շենքեր, կամ գործ չունեն`մտնեն ու պաշտոնյաների սենյակում նստացույց անեն, որպեսզի «Սերժ Սարգսյանի պաշտոնյաների համար նստելու տեղ չմնա»: Սա է լինելու շարժման ռազմավարությունը: «Մենք պետք է այնպես անենք, որ նստելու տեղ չունենա անգամ ինքը`Սերժ Սարգսյանը: Նա ՀՀ-ում պետք է կաբինետ չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Որոշ դեպքերում, ասում է սա կարելի է անել քաղաքացիների նախաձեռնությամբ: Բայց, այդ դեպքում, ՀՀ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պետք է դադարեն ժողովրդից պաշտպանել որեւէ գերատեսչական շենք, քանի որ դրանք պատկանում են ՀՀ-ի եւ ժողովրդին: «Իշխանությունը խնդիր է դրել թշնամացնել ոստիկանությանն ու շարժման մասնակիցներին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը`հիշեցնելով, որ դեռ երեկվա հանրահավաքում էր ինքը հայտարարել`շարժման շարքերում ներդրվել են «շմայսական բրիգադներ», որոնց հիմնական խնդիրն է սադրել բախումներ`ոստիկանության հետ: Ասում է`Սերժ Սարգսյանն անհանգստացած է այն հռետորաբանությունից, որ ունեն հավաքի մասնակիցները` ոստիկանի հետ խնդիր չունենք:
«Ոստիկանը մերն ա»,-վանկարկեցին հավաքվածները: «Մենք չենք եկել ՀՀ ոստիկանության սերժանտ Սերժ Սարգսյանի դեմ կռիվ տալու, մենք եկել ենք ՀՀ իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի դեմ կռիվ տալու: Կան ուժեր, որոնք ուզում են մեր շարժման սլաքները Սերժ Սարգսյանից ուղղել սերժանտ Սարգսյան: Հենց սերժանտը հասկացավ, որ մեր կռիվը նաեւ իր եւ իր երեխայի ապագայի համար է, դադարելու է պաշտպանել Սերժ Սարգսյանին»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը:
Հրապարակում ամոթանքներ հնչեցին նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ուղղված: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց`շարժումը գտնվում է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բայց «Հ 1»-ը չի անդրադարձել:
Այդ ընթացքում հավաքվածները վանկարկեցին`«ամոթ, ամոթ»:
Բանախոսը նկատեց` հավաքին անդրադարձել են ՌԴ նախագահի աշխատակազմը, ԱՄՆ Պետդեպը, երեկվա հանրահավաքն ինտերնետում հինգ միլիոնից ավելի դիտում է ունեցել, իսկ հայաստանյան լրահոսի թիվ մեկ իրադարձությունը ոչ թե Սերժ Սարգսյանի «վարչապետ կարգվելն» է եղել, այլ թավշյա հեղափոխության շարժումը:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նամակներ է ստանում Հայաստանից 10-15 տարի առաջ արտագաղթածներից`նրանք տոմս են գնում եւ վերադառնում`«համաժողովրդական հաղթանակին» մասնակցելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ոստիկանը մերն ա»…
ուրեմն, հարթակիդ վրայէն դատապարտէ նայինք Յուլիս 2017-ի ոստիկանների սպանութիւնը…
անկէ ետք կը նայինք լէ քանի հատ «խաղաղ» ցուցարար կը մնայ առջեւդ
այսպիսի կեղծ ու կեղծաւոր խօսքերով, ապուշի տեղ էք դնում ոստիկաններին… կածում էք որ պիտի խաբէք, մղէք պետական դաւաճանութեան… անոնք ձեզանից շատ աւելի խելացի են…