Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսական համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կարող են Բաքվում հայտնվել արդեն այս տարի․ «Կոմերսանտ»

Ապրիլ 18,2018 17:28

Բելառուսը պլանավորում է 2018 թվականին ձեռնամուխ լինել «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի 10 ռեակտիվ համակարգերի մատակարարման մասին առաջին արտահանման պայմանագրի իրականացմանը, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Համակարգերի հավանական պատվիրատու է համարվում Ադրբեջանը։ Այդ երկրի պաշտպանության նախարարն արդեն այցելել է Բելառուս, որտեղ ծանոթացել է համակարգերի արտադրման տեխնոլոգիաներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ պայմանագիրը բացասաբար է ընկալվելու Հայաստանի կողմից, բայց «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համակարգերը հայ-ադրբեջանական հարաբերություններում պետք է որ զսպող գործոն լինեն։

Այն մասին, որ «Պոլոնեզների» առաջին մատակարարումը կարող է տեղի ունենալ արդեն 2018-ին, «Կոմերսանտին» հայտնել է Բելառուսի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքով՝ առաջին պայմանագրով նախատեսվում է մատակարարել համազարկային կրակի 10 ռեակտիվ համակարգ (դրանց թվում՝ հրթիռներ, տրանսպորտային լիցքավորող մեքենաներ, կառավարման կետ, ռադիոլոկացիոն կայան և այլն)։ Իրավաբանական փաստաթղթերը եզրափակիչ փուլում են, իսկ գնորդն «ավարտին է հասցնում ֆինանսական հարցերի լուծումը», նշել է աղբյուրը՝ հավելելով, որ խոսքը Մինսկի կողմից տրամադրվող վարկի մասին չէ։ Աղբյուրը չի հայտնել գնող կողմի անունը, սակայն ռուսական ռազմարդյունաբերական հաստատությունների երկու թոփ-մենեջեր ասում են, որ խոսքն Ադրբեջանի մասին է։

«Պոլոնեզ» նախագիծն իրականացվում է 2012 թվականից Մոսկվայի և Մինսկի միջև Բելառուսին «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ շարունակվող տարաձայնությունների ֆոնին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին այդ զենքն անհրաժեշտ էր որպես «որոշ ուժերի ակտիվացմանն» ուղղված պատասխան, սակայն Ռուսաստանը համաձայն էր դրանք տրամադրել միայն ՌԴ ԶՈւ մարտական հաշվարկների հետ միասին։

Չստանալով ցանկալին՝ Լուկաշենկոն հանձնարարեց ստեղծել սեփական համակարգը, որը հնարավորություններով չէր զիջում «Իսկանդերին»։ Քանի որ զրոյից արագ սկսելը շատ բարդ կլիներ, Բելառուսում որոշեցին համակարգերի համար օգտագործել չինական արտադրության А-200 հրթիռներ։

2015թ․ մայիսի 9-ին հանրությանը ցուցադրվեցին 2 «Պոլոնեզները»։ «Կոմերսանտի» տեղեկություններով՝ ներկայումս Բելառուսում հրթիռների արտադրության տեղայնացման ծավալը կազմում է 30 տոկոս։ Գործարանում հույս ունեն յուրացնել համակարգի ստեղծման ամբողջական ցիկլը, սակայն խոստովանում են, որ մինչ այդ դեռ երկար ճանապարհ կա։ Բելառուսի ՊՆ-ն հայտարարում է, որ դրանց կարիքը երկրում քիչ կա, և որ զենքն առավելապես պահանջարկ է ունենալու արտասահմանում։

Բելառուսի և Ադրբեջանի միջև նախապատրաստվող պայմանագիրը կարելի է դիտարկել որպես «մի փոքր ուշացած» պատասխան Հայաստանին ռուսական «Իսկանդեր» համակարգերի մատակարարմանը, կարծում է գործակալության աղբյուրը։ Նա հիշեցրել է, որ դեռ 2016-ին Զաքիր Հասանովը սպառնում էր «կործանիչ հարված» հասցնել Ստեփանակերտին, սակայն Հայաստանին օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի մեկ դիվիզիոն փոխանցելը ստիպեց Ադրբեջանին հրաժարվել այդ պլաններից։

Գործակալության զրուցակիցը ենթադրում է, որ Բաքվին քաղաքային և ռազմական ենթակառուցվածքներն ու օդանավակայանները, ճանապարհային ու գետերի հանգույցները, ինչպես նաև մարդկային ուժը խոցելու ունակ զենքի մատակարարումը Երևանում բացասաբար կընդունվի, բայց այդ նույն «Իսկանդերները» զսպող գործոն կլինեն։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30