Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդարանում իր խոսքում ասաց, որ վստահ է՝ Հայաստանում ժողովրդի 60 տոկոսը դժգոհ է, բայց դժգոհել չի նշանակում ըմբոստանալ:
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բա որ այդպես է, հիշեցնենք իր անցյալը, ինքը ինչի՞ շնորհիվ եկավ, դարձավ այսօրվա Սերժ Սարգսյան, այդ ըմբոստության շնորհի՞վ չի եղել: Չնայած ինքը չի եղել կարկառուն ըմբոստացողներից, բայց ինքը ժողովրդի ըմբոստանալու արդյունքում է շահել: Եթե ինքը հիմա խորապես չգիտակցի, որ այսօր ահավոր ճահճի մեջ ենք ապրում, սա նույնն է, ինչ Բրեժնեւի ժամանակ ասում էին՝ լճացման տարիներ, այս ճահճացումից, լճացումից իրենք են առաջին հերթին տուժելու: Արդեն հատուկ բզբզալ էլ պետք չի, որ ժողովուրդը վեր կենա եւ հատուկ միջոցներ կիրառի, ինչը տեսել ենք»:
Սերժ Սարգսյանը նաեւ դիտողություն արեց «Ելքին»՝ ասելով, որ ժողովրդի անունից իրավունք չունեն խոսել, դրա իրավունքն ունի միայն քաղաքական մեծամասնությունը: Բախշյանը հակադարձեց. «Ո՞նց, ինչո՞ւ իրենք իրավունք ունեն խոսելու ժողովրդի անունից, եթե 49 տոկոս ձայն են հավաքել: Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն այդքան ձայն է հավաքել: Ո՞նց ինքը իրավունք ունի խոսել ժողովրդի անունից: Ինքը դրանով միայն հաստատեց այն աքսիոմը, որ Սերժ Սարգսյանը միայն ՀՀԿ-ի վարչապետն է, ոչ ավելին: Դուք այդքան տոկոսն եք տարել, բա մնացա՞ծը, մնացածն էլ մենք ենք: Լավ է՝ ինքն է ասում՝ 60 տոկոսը դժգոհ են: Բա այդ 60 տոկոսի ձայնը ո՞վ է բարձրացնելու, ինքը խոստովանեց, որ կեղծիք է եղել: Եթե 60 տոկոսը դժգոհ է, իրենց ո՞նց են այդքան ձայն տվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ