«Հայաստանում հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»,- երեկ խորհրդարանում դիմելով «Ելքին»՝ ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը:
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում արձագանքեց նրան. «Հանգած հրաբուխը Հանրապետականներն են, որոնց մինչեւ չբզես ու մինչեւ չբզբզաս՝ գործ չեն անի, չեն հիշի, որ իրենք պետություն պիտի կառավարեն, ոչ թե միայն ՀՀԿ-ն»:
Անահիտ Բախշյանն ասաց, որ հույս ուներ՝ խորհրդարանում Սերժ Սարգսյանի ելույթից այլ տպավորություն ստանալ. «Հույս ունեի, որ պիտի լսեի ու ասեի՝ այ սա խորհրդարանական կառավարման անցած պետության ղեկավարի ելույթ է: Նշույլ անգամ չկար, մի ելույթ էր, որի մեջ ծայրից ծայր շատ հանդուգն բառապաշարով ասում էր՝ մեծամասնությունը մենք ենք, մենք ենք որոշելու ինչ անել, ոնց անել: Մի հատ ժողովուրդ բառը չկար, ամբողջ ելույթում ժողովրդին մի ուղերձ, հույս տվող բան չկար, չնայած ելույթը կոչվում էր ուղերձ: Դրա փոխարեն ասում էր թվեր, որոնք նույնիսկ իշխանական տնտեսագետներն են այսօր ողողել ֆեյսբուքը տարակուսած հարցերով, թե էս ո՞վ է գրել տեքստը, որտեղի՞ց այս թվերը՝ 1 մլն մարդ ավանդ ունի եւ այլն: Ելույթի մեջ չկար առաջնորդի խոնարհություն, մի հատ բարի նոտա: Այն դեպքում, երբ ժողովուրդը դրսում էր: Օրինակի համար դրսի ժողովուրդը 10 հազար էր, ինքը այդ թիվը պետք է առնվազն 10-ով բազմապատկեր, որովհետեւ դժգոհողները միայն դրսում չեն, պետական հիմնարկներում էլ են, իր կառավարության մեջ էլ են, հենց պատգամավորների մեջ էլ են: Ինքը բոլորի վրա ձեռք թափ տվեց, թե դուք ո՞վ եք, որ»:
Անահիտ Բախշյանը նաեւ ասաց. «Բայց մի բանում ես համոզված եմ, որ ինքը գոնե բանակը չի հանի ժողովրդի դեմ, հույս ունեմ, որովհետեւ ես շատ լավ հիշում եմ Մարտի 1-ի գիշերը այն հեռախոսազրույցը, որ տիկին Լարիսան ունեցավ իր հետ, ես այդ տպավորությունն ունեմ դեռ այն ժամանակվանից: Բայց որ ինքը մեղադրեց երիտասարդ պատգամավորներին չլսելու մեջ, ես տեղնուտեղը զարմացա, ուզում էի հարցնել՝ իսկ դուք լսո՞ւմ եք, դուք լսող առաջնորդի օրինա՞կ եք: Երիտասարդ պատգամավորները տեսնո՞ւմ են, որ դուք լսում եք ու քայլեր եք անում: Ախր դուք չեք լսում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ