Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում անչափահասի էին առևանգել, աշակերտներին ու ծնողներին սպառնացել

Ապրիլ 18,2018 15:39

Գյումրիում այսօր բողոքի երթը սկսվեց անչափահաս մի տղայի՝ Արման Գևորգյանին բերման ենթարկելով։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները առեւանգեցին նրան՝ մոտ 2 ժամ պահելով ոստիկանությունում։ Այդ ընթացքում ցուցարարները, որոնք հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից պահանջում էին արագ ազատ արձակել տղային։ Ոստիկանները փակել էին Շիրակի մարզպետարանի դռները, տարբեր հարցերով մարզպետարանի պաշտոնյաների մոտ եկած քաղաքացիներին չէին թողնում ներս մտնել, որի պատճառով կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվել։ Կանանցից մեկը, որը եկել էր Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունու մոտ, անպատվեց ոստիկաններին, պահանջեց ազատել իր մուտքը։

Ներս մտնելու համար պայքարող կնոջ դիմաց դռները բացեցին, քանի որ նա արդեն իսկ սկսել էր միտինգը վարել, հայտարարել, որ Շիրակի ոստիկանապետը բացարձակ աշխատանքի չի գալիս և այլն։ Մյուս քաղաքացիները հեռացան՝ նեղվելով՝ «Համ կկանչեն, համ ներս չեն թողնի»։ Ցուցարարները Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանից պահանջեցին դուրս գալ։

Արթուր Խաչատրյանն անմիջապես դուրս եկավ, զրույցի բռնվեց նրանց հետ։ Ցուցարարները Շիրակի մարզպետին խնդրեցին, որպեսզի հորդորի տարածքից հեռանալ այն ոստիկաններին, որոնք քաղաքացիական համազգեստով են։ «Այդ ոստիկանները երեխա են առևանգել»։

Շիրակի մարզպետը իր մոտ կանգնած ոստիկանապետի տեղակալից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են երեխային առևանգել, նրան պարզաբանեց, որ խնդիր է եղել, ցուցարարները, չհամաձայնելով փոխոստիկանապետի հետ, Արթուր Խաչատրյանին մանրամասն պատմեցին ու ցույց տվեցին հեռախոսով նկարահանած տեսանյութը, թե ինչպես են բռնի ուժ կիրառել տղայի նկատմամբ։

Քիչ անց ոստիկանությունն ազատ արձակեց Արման Գևորգյանին, որը եկավ Շիրակի մարզպետարան։ Մարզպետը ցուցարարների խնդրանքով վերցրեց բարձրախոսը ու քաղաքացիական հագուստով ոստիկաններին հորդորեց հեռանալ տարածքից։

Ցուցարարների երկրորդ պահանջն այն էր, որ մարզպետը թույլ չտա սպառնալիքներ հնչեցնել դասադուլ հայտարարած երեխաների ու նրանց ծնողների նկատմամբ դպրոցներում։ Շիրակի մարզպետը, իհարկե, չխրախուսեց անչափահասների մասնակցությունը բողոքի ցույցերին։

Մի դպրոցական դժգոհեց, որ թեև ինքը բժշկի թուղթ ունի, իրեն զինկոմից կանչել են, սակայն դպրոցից սպառնում են դուրս անել։ «Եթե քեզ կանչել են զինկոմիսարիատ պատվաստման, ես իրավունք ունեմ, չէ՞, հարցնելու, պատվաստումից հետո, աշակերտն ի՞նչ իրավունք ունի լինելու այստեղ, ոչ դպրոցում»։

Մարզպետը բոլոր նրանց, որոնք կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարված են, խորհուրդ տվեց դիմել իրավապահներին։

Հավաքվածներից մեկն էլ մարզպետին ասաց․ «Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջում դռները փակ են, խախտվում են հակահրդեհային կանոնները, եթե Աստված չանի, մի հրդեհ լինի, մեր երեխաներն են վառվելու, եթե ինձ ուղղորդելու եք պատկան մարմինների մոտ, վստա՞հ եք, որ ինձ կծառայեն, ոչ թե կվախեցնեն»։

Շիրակի մարզպետն ասաց, որ քոլեջը Կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ է, բայց խոստացավ դիմել Արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ծառայություն, որպեսզի վստահ լինի, որ որևէ նորմ չի խախտվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30