Փաշինյանը եւ ցուցարարները այս պահին Երեւանի քաղաքապետարանի մոտ են: Նրանք սուլում են, ծափ տալիս, վանկարկում՝ «Տարո՛ն, դո՛ւրս արի»:
Քաղաքապետարանի կենտրոնական մուտքի մոտից Փաշինյանը ցուցարարների հետ շարժվեց Գրիգոր Լուսավորիչ փողոցի կողմ, որտեղ քաղաքապետարանը մեկ այլ մուտք ունի:
Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանների դեմ պայքար չունեն, շարժման որեւէ ներկայացուցիչ որեւէ ոստիկանի խոսքով, կամ որեւէ արարքով չի վիրավորի. «Մենք մեր ոստիկանությանը լավ ենք վերաբերում եւ հույս ունենք, որ ոստիկանությունն իր ծառայողական պարտքը կատարելիս մեր շարժման անդամների նկատմամբ կլինի հարգալից եւ որեւէ ապօրինի գործողություն թույլ չի տա»:
Նա ասաց, որ այս ամեն ինչը անում են, որովհետեւ կա մի պարզ պատճառ՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն փորձում են Հայաստանը վերածել Արեւմտյան Ադրբեջանի. «Նույն մարդը 2 անգամից ավելի իշխանությունը վերցնում է իր ձեռքը, իսկ դա ադրբեջանական ավանդույթ է, երբ իշխանությունը ընտանիքի ներսում ժառանգաբար փոխանցվում է»:
Փաշինյանը նաեւ հավելեց. «Բայց սա ՀՀ-ն է, որտեղ կա ազատ եւ հպարտ քաղաքացի, կան իրողություններ, դուք պետք է հաշվի նստեք քաղաքացու հետ, պետք է հաշվի նստեք, որ սա Հայաստանի Հանրապետությունն է. «Մենք ասում ենք՝ սիրելի՛ ոստիկան, քայլ արա, մերժիր Սերժին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ