Ապրիլի 18-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ-Արապեան» ամենօրյա վարժարանի սաները՝ տնօրեն Սիրարփի Կոսոյանի, ուսուցիչներ Սարգիս Լեռյանի, Լորիս Տերտերյանի և Սևան Նազարյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում:
Այցելությունը կազմակերպվել էր «Արի տուն» ծրագրի շրջանակներում:
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կրթարանն արդեն 40 տարեկան է, և չորս տասնամյակ նպաստում է հայապահպանությանը, արևմտահայերենի զարգացմանը: «2015 թվականին բացվեց դպրոցի նոր մասնաշենքը, և ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ եղել ու մասնակցել բացման արարողությանը: Ահա այսօր դուք եկել եք Հայաստան և գտնվում եք ձեր նախարարությունում: Ես վստահ եմ, որ Հայրենիքը տեսնելով՝ դուք շատ բան սովորած, նոր լիցքերով ու տպավորություններով եք հետ գնալու, պատմելու եք ձեր ֆրանսահայ ընկերներին Հայաստանի, նրա պատմության, այստեղ անցկացրած օրերի մասին»,-նշեց Հրանուշ Հակոբյանը: Նա հորդորեց աշակերտներին լավ սովորել, լինել Ֆրանսիայի օրինապահ քաղաքացի ու դառնալ լավ հայ, լավ մարդ, լավ ընկեր ու զավակ:
«Պահե՛ք, պահպանե՛ք մայրենին, հավատարի՛մ մնացեք ձեր հավատին և հաճախ եկե՛ք Հայրենիք, այն պահեք ձեր սրտերում»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար Հրանուշ Հակոբյանը «Սուրբ Մեսրոպ-Արաբեան» ամենօրյա վարժարանին պարգևատրեց Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով և շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենին ու ուսուցիչներին իրենց անմնացորդ նվիրման համար:
Հանդիպման ավարտին վարժարանի սաները երգեցին «Էրեբունի-Երևան», «Սարդարապատ», «Զարթնի՛ր, լաո» երգերը, ասմունքեցին Հայրենիքին նվիրված բանաստեղծություններ:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ