Ցուցարարները այս պահին դեռ Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների հատվածում են:
Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում լրագրողները ճշտեցին՝ այս ամենը չի՞ տանի մաշման: Փաշինյանը պատասխանեց. «Մեր շարժումը հիմա ալիքաձեւ տարածվում է ՀՀ-ում եւ սփյուռքում: Ես գիշերը տասնյակ զանգեր եմ ստացել, թե ոնց են սփյուռքի գործարարներ, ազդեցիկ մարդիկ հայտարարում, ասում, որ հիմա գալիս են Հայաստան՝ այս գործընթացին մասնակցելու: Սա ալիքաձեւ ծավալվող պրոցես է, չի կանգնելու պրոցեսը, շուտով լուծելու է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանության հարցը, հանրահավաքում այսօր ես կներկայացնեմ, թե կոնկրետ ինչպես»:
Լրագրողները ճշտեցին՝ հայտարարել էիք, որ ձեր նպատակն է խափանել կառավարության աշխատանքը, վարչապետի աշխատանքը, ինչո՞ւ չմնացիք Բաղրամյանում՝ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ինչու գնացինք Բաղրամյան, որովհետեւ իմացանք, որ փշալարերը հանել են: Դա նրանց արձագանքն էր երեկվա իմ ելույթի, ես ասել էի, որ Սերժ Սարգսյանը սրանից հետո Հայաստանը պետք է տեսնի փշալարերի հետեւից: Մեր այնտեղ գնալու նպատակը իրագործվեց, որովհետեւ մենք գնացինք, որպեսզի ոստիկանական կարդոնները շարվեին նրա նստավայրի շուրջ եւ նա ի վերջո արձանագրի, որ նա, մեկ է, Հայաստանը դրանից դուրս չի տեսնելու: Ինչքան ոստիկանական կարդոնները հանեն Սերժ Սարգսյանի նստավայրի դիմացից, մենք գնալու ենք այնտեղ, որպեսզի նորից բերեն շարեն: Իսկ եթե իրենք հանկարծ չշրջափակեն Սերժ Սարգսյանի առանձնատունը կամ նստավայրը, մենք ինքներս դա կանենք: Այսինքն, երկու տարբերակ կա, Սերժ Սարգսյանը սովորական ռեժիմով չի կարողանալու աշխատել, նա պետք է կամ ոստիկանական վահաններով շրջափակված լինի, կամ մեր կողմից: Մենք մեր խնդիրը լուծեցինք եւ վերադարձանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ