Նիկոլ Փաշինյանը Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկը, ի զորակցություն Գավառի պետական համալսարանի ուսանողների նկատմամբ բռնության, փակել է:
Երեկ Մաշտոց-Թումանյան հատվածում տեղի ունեցած անկարգությունները Փաշինյանը հնդկական կինո էր որակել: Այսօր նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երեկվա այդ հնդկական կինոյի կապակցությամբ ոչ մի անձ բերման չի ենթարկվել, չի ձերբակալվել, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ դա իշխանությունների պրովոկացիան էր՝ հնդկական կինոյի ժանրով: Երեկ տեղեկություն ունեինք, որ մեծ թվով սադրիչներ են ներդրել ցուցարարների շարքերը եւ նպատակը մեկն էր, որ սադրեն գործողություններ եւ փորձեն մեր ցույցի մասնակիցներին ներքաշել պրոցեսի մեջ: Դրանով նախ կվարկաբեկեն մեր շարժումը, երկրորդը՝ խաղաղ ցույցի, ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու ֆորմալ ինչ-որ առիթ կունենան: Նաեւ սա էր պատճառը, որ մենք երեկ ժամը 10-ին հայտարարեցինք մեր հանրահավաքի ավարտը: Այդ սադրիչ խմբերին հրահանգը տրված էր, նրանք գործեցին ըստ իրենց պլանների, բայց իրենց նպատակներին չհասան»:
Հարցին դուք մտահոգություն չունե՞ք, որ Սերժ Սարգսյանը կրակելու հրաման կտա, երբ որ զգա, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը այսօր էլ չի կարող չզգալ, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում: Նա այսօր էլ գիտի, որ իր իշխանությունը վերջանում է, բայց ժողովրդի վրա կրակելու առիթ մենք նրան չենք տա, միանշանակ չենք տա: Մենք համոզված ենք, որ ի վիճակի ենք համբերատար, խաղաղ թավշյա հեղափոխություն անել: Մենք քայլ առ քայլ առաջ կգնանք եւ Սերժ Սարգսյանը կրակելու առիթ չի ստանա»:
Փաշինյանը տեղեկություն ստացավ, որ Ֆրանսիայի հրապարակում ցուցարարներ կան ու նրանց շարքերում սադրիչներ են ներդրել: Նա կոչ արեց, որ եթե իրենց շարժման մասնակից կա այնտեղ, գան եւ միանան իրենց, չտրվեն սադրանքներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ