Ապրիլի 18-ին Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է: Aravot.am-ը օրվա խորհրդի թեմայով զրուցեց մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի հետ, որը համակարգում է հուշարձանների ոլորտը: Նա շնորհավորեց բոլորին` սկսած քարտաշ վարպետից մինչեւ վերականգնող ճարտարապետներ ու պատմաբաններ, մշակույթի նախարար` մասնագիտական տոնի առիթով:
«Վերջին տարիներին մենք զգում ենք երիտասարդ կադրերի պակաս եւ ուրախությամբ ուզում եմ փաստել, որ Բոլոնիայի համալսարանի հետ մայիսին նոր դպրոց ենք բացելու, որը կոչվելու է վերականգնման կենտրոն: Այնտեղ դասընթացներ են լինելու տարբեր մասնագիտությունների գծով, այդ թվում նաեւ խճանկարի վերականգնող, որմնանկարների վերականգնող, հողաշեն ճարտարապետության եւ այլ մասնագետների պատրաստում: Կդասավանդեն իտալացի եւ տեղացի մասնագետները»,-ասաց տիկին Սամուելյանը` շեշտելով, որ մշակույթի նախարարությունը մշտապես կադրերի պատրաստմանը լուրջ ուշադրություն է դարձնում:
Նա հայտնեց, որ այս տարի կանցկացվեն այսօրվա խորհրդին նվիրված միջոցառումներ` «Ժառանգություն սերունդների համար» խորագրով. «Քանի տարի է այս տոնի համատեքստում հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներ են իրականացվում: Մոտ 400 հուշարձանի տարածք կմաքրվի`ԿԳ, Մշակույթի, Պաշտպանության նախարարությունների հետ համագործակցությամբ»:
Մշակույթի փոխնախարարը հայտնեց, որ պետությունը մինչեւ 2005 թ-ը մշտապես հուշարձանների պահպանության ծախսերն է միայն հոգացել, իսկ վերականգնման ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից եւ այդ տարիների ընթացքում շուրջ 60 հուշարձանի վրա անդրադարձ է արվել տարբեր ծավալներով:
«Վերջին տարիներին, եթե վերցնենք, օրինակ 2009 թվականը, երբ ես սկսել եմ պաշտոնավարել, շատ չնչին էր մասնավոր ներդրումների ծավալը ոլորտում, ապա նախորդ տարի շուրջ 2 մլն դոլար մասնավորի կողմից ներդրում ենք ունեցել, այն դեպքում, երբ պետական բյուջեն ընդամենը 250 մլն դրամ է: Մեր վարած քաղաքականության շնորհիվ աճել են մասնավոր ներդրումները վերականգնման ոլորտում եւ նախորդ տարի նույնիսկ 2 մլն-ից ավելի գումար է ներդրվել: Սա այն թիվն է, որին մենք տեղյակ ենք, եւ այդ ամենը կատարվել է մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ: Բայց Մայր Աթոռն էլ իր հերթին է համապատասխան աշխատանքներ իրականացնում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա ձեւակերպմամբ, մշակութային հնագույն հուշարձաններով հարուստ Հայաստանում կան հուշարձաններ, որոնք խնդիրներ ունեն. «Իհարկե բոլոր հուշարձանները ինչ-ինչ խնդիրներ եւ ուշադրության կարիք ունեն, բայց վթարայինների թիվը, որոնք հրատապ վերականգնման կարիք ունեն, մոտ 300 է: Պարոն նախարարի եւ վարչապետի հանձնարարությամբ ունենք պատրաստած ռազմավարական ծրագրեր եւ հայեցակարգեր կոնկրետ հուշարձանները զբոսաշրջիկներին ավելի գրավիչ դարձնելու համար, ներդրումային փաթեթներ կան, որից եւ տարածքը կարող է շահել եւ մասնավոր ներդրողը: Կոնկրետ 15 ծրագիր կա, մնացածները նույնպես պատրաստվում են: Հաստատվել է Հուշարձանների ոլորտի ռազմավարությունը 2016-20 թթ համար, որի մեջ տարբեր միջոցառումներ կան, այդ թվում նաեւ արգելոցների ստեղծումը: Այս տարի, օրինակ, կբացվեն Սմբատաբերդը եւ Բջնին, նախորդ տարիներին Ամբերդն է բացվել: Այժմ Ամբերդում եւ Լոռիբերդում խոշոր ծրագրեր են իրականացվում պետության կողմից: Կարծում եմ, որ առաջիկայում կունենանք այնպիսի պատկեր, որ Ամբերդը ամբողջովին պահպանելով իր ավանդական պատմական նշանակությունը նաեւ հարմարեցված կլինի, նույնը` Լոռիբերդը: Սկսել ենք մեր պատմական մայրաքաղաքների ամրակայման աշխատանքները: Օրինակ, Արտաշատի տարածքում անտիկ շրջանի չտեսնված խճանկարը այս տարի վերականգնված վիճակում կցուցադրվի Պատմության թանգարանում»:
Անդրադարձ եղավ նաեւ համապատասխան ցուցանակների բացակայությանը: «Մեզ հաճախ ասում են, որ հուշարձանների տարածքում «Պահպանվում է պետության կողմից» ցուցանակներ չկան: Դա իհարկե կարեւոր հարց է, բայց արդյոք ցուցանա՞կը պետք է հետ պահի չապականել տարածքը»: Նա ցավով փաստեց, որ հաճախ խաչքարերին գրում են կամ մոմ են կպցնում:
Փոխնախարարը հավելեց, որ նախարարի հանձնարարականով քառալեզու (ներառյալ ֆրանսերենը) ցուցանակներ կտեղադրվեն 30 ամենաայցելվող հուշարձանների տարածքում եւ մինչ 2020 թ. կտեղադրվեն նաեւ 300 բացատրական պաստառներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ