Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկիյը, մեկնաբանելով Երևանում տեղի ունեցող իրադարձությունները, դրանում մեղադրել է ամերիկյան կառույցներին:
«Երբ իշխող կուսակցությունը հայտարարեց, որ կառաջադրի Սերժ Սարգսյանին կառավարության ղեկավարի պաշտոնում, նույնպես փողոց դուրս եկան երիտասարդներ՝ իրենց բողոքն արտահայտող պաստառներով: Ես տեսել եմ այդ երեխաներին: Հասկանալի է, որ նրանք հստակ օգտագործվում են Ամերիկայի դեսպանատան կողմից: Այսինքն, այսօր Հայաստանն այնպիսի աշխարհաքաղաքական երկիր է, որը կարող է խզել Ռուսաստանի հետ միությունը: Ամեն անգամ այս փողոց դուրս գալը տեղի է ունենում դեպքից դեպք, երբ Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ խորհրդարանում, կամ այս անգամ՝ անցումը նախագահականից խորհրդարանական կառավարման: Քանի որ ամերիկացիները հասկանում են, որ կառավարության ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ»,- ասել է Վոդոլացկիյը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում «թավշյա հեղափոխություն» տեղի չի ունենա, քանի որ Սերժ Սարգսյանը և նրա գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների աջակցությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
1988 թվականին Ռուսաստանի իշխանությունն ու լրատվամիջոցները ամբողջ հայ ազգին էքստրեմիստներ էին անվանում: Նույնը հիմա է՝ եթե Հայաստանում ժողովուրդը տանջվում է կոռումպացված համակարգում, տնտեսությունը մոնոպոլիզացված է, արտագաղթը ահռելի չափերի է հասել, իշխանությունը կեղծում է ընտրությունները և վերարտադրվում՝ Մոսկվան դա նորմալ վիճակ է համարում: Իսկ երբ ժողովուրդն ուզում է որևէ քայլ անի մարդու իրավունքների պաշտպանության, ընտրակեղծարարության, կոռուպցիայի և անօրինականությունների դեմ պայքարի ուղղությամբ, ապա Մոսկվան մեխանիկորեն դրա մեջ ամերիկյան հետքեր է փնտրում: 1988թ.-ից անցել է 30 տարի, բայց մեր ռազմավարական դաշնակիցը ժողովրդավարության հաստատման մեր ցանկացած քայլի մեջ իր համար լուրջ վտանգներ է տեսնում: