12:18-«Ինչո՞վ աջակցենք»,-այս խոսքերով ԵՊՀ անվտանգության աշխատակիցը դիմավորեց Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարներին, որոնք կարճ ժամանակով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մտան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահ եւ դասադուլ անելու ու ցույցին միանալու կոչեր հնչեցրին:
12:25-ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մայր բուհը պետք է լինի ուսանողների ազատության խորհրդանիշը: Այսօր շատ զանգեր ենք ստացել Գավառի համալսարանից, Տնտեսագիտական համալսարանից եւ այլ ուսումնական հաստատություններից, թե ուսանողների առաջ դռները փակել են, նրանք չեն կարողանում դուրս գալ: Մեծագույն խայտառակություն է, երբ ուսումնական հաստատության դռներ փակվում են չափահաս մարդկանց առաջ: Սա ՀՀԿ-ի ստեղծած պետության խորհրդանիշներից է: Բուհերին եւ ԿԳՆ-ին կոչ ենք անում վերջ տալ դրան»:
12:27-Փաշինյանը հայտարարեց. «Ողջունում ենք, որ ԵՊՀ դռները բացվեցին մեր առաջ: Մենք հանգիստ ներս մտանք, կոչեր հնչեցրինք ու դուրս եկանք: Մանկավարժականն էլ մեր առաջ դուռ չփակեց, ինչը եւս ողջունում ենք: Սա քաղաքակիրթ գործելաոճ է, որը չի առաջնորդվում բռնությամբ, այլ միայն գաղափարներով»:
12:29-Դիմելով ուսանողներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ձեզ ցույց ենք տվել դռները բացելու ձեւերը, այլեւս կարիք չկա մեզ ահազանգելու, որ ձեր առաջ դուռ են փակել»:
12:35-Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը բարձրախոսով դիմելով դասախոսներին՝ ասաց. «Միացեք այս համաժողովրդական պայքարին: Սիրում ենք ձեզ: Դուրս եկեք փողոց ու ձեր ուսանողների կողքին կանգնեք»:
12:37-Արմավիրի 4-րդ դպրոցի դարպասների մոտ հավաքվել են դպրոցական-ցուցարարներ, որոնք ցանկանում են մուտք գործել ու իրենց միանալու կոչեր հնչեցնել: «Դասը մի խանգարեք տղա ջան»,-դիմեց նրանց տնօրեն տիկին Քալաշյանը, ապա վստահեցրեց, որ դասասենյակների դռները կողպված չեն:
12:39-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր 19 00-ին հանրահավաք է սպասվում Հանրապետության հրապարակում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ