Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:
Ermenihaber.am-ն առանձնացրել է թուրքական առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցների այդ թեմայով հրապարակումների ուշագրավ հատվածները:
«Hurriyet» թերթի կայքը «Հայաստանում ցույցերը տարածվում են. թավշյա հեղափոխություն է հայտարարվել» հոդվածում գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 10 տարի երկիրը ղեկավարելուց հետո այժմ էլ վարչապետի պաշտոնում երկրի ղեկավարումը շարունակելու մտադրությունը ապստամբության ու խռովությունների պատճառ է դարձել: Մայրաքաղաք Երևանում սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաները տարածվել են նաև այլ քաղաքներում՝ կաթվածահար անելով երկրի բնականոն կյանքը: Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին»:
Թերթը գրում է նաև ցույցերի ընթացքում մայրաքաղաքի որոշ հատվածներում ակտիվիստների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների մասին: Ըստ թուրքական կայքի տեղեկությունների՝ 30 ցուցարար է ձերբակալվել:
Թուրքական աղբյուրը նաև գրում է, որ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո «անվտանգության ուժերին հրամայելու է ճնշել խռովությունը»:
«Hurriyet»-ը թեմայի վերաբերյալ «Հայաստանը փշերի վրա է» մեկ այլ հրապարակման մեջ՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին, գրում է, որ բողոքի միջոցառումները տարածվել են այլ քաղաքներում ու բնակավայրերում: Հայաստանում ստեղծվել է «թավշյա հեղափոխության կոմիտե», որը պետք է համակարգի գործընթացը մինչև ցանկալի արդյունքին հասնելը: Նշվում է, թե տեղեկություններ կան, որ արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը ուժայիններին հրաման է տալու ցրել բողոքի ցույցերը:
Թուրքական «Birgün» թերթի կայքը «Հայաստանում Սարգսյանը վարչապետ է ընտրվել ցույցերի ներքո» հոդվածում գրում է. «Հայաստանի խորհրդարանը, հակառակ լայնածավալ ցույցերին, 77 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետ:
Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը մայրաքաղաք Երևանում տասնյակ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ բողոքի ակցիայի պատճառ է դարձել: Հայաստանի դրոշը պարզած ցուցարարները «առանց Սերժի Հայաստան» կարգախոսներ են հնչեցրել»: Կայքը մեջբերումներ է արել ֆրանսիական «AFP» գործակալությանը ցուցարարների տված մեկնաբանություններից: Նրանք բողոքել են Սարգսյանի 3-րդ պաշտոնավարումից՝ նշելով, որ դա երկիրը տանում է ավտորիտարիզմի:
Աղբյուրն անդրադարձել է նաև թավշյա հեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ինչպես նաև գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի մեկնաբանությանը:
«Եթե ցանկանում եք ապրել բարգավաճ ու լուսավոր Հայաստանում, չպետք է նորից ակտիվացնել մարած հրաբուխները: Հրաբուխները չեն ակտիվանա, եթե որևէ մեկը չսադրի»,-Սարգսյանի խոսքը մեջբերել է թուրքական լրատվամիջոցը:
Կայքը հիշեցրել է 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքների մասին «Իր գործունեությունը ռազմական ոլորտում սկսած Սարգսյանը 2007-2008թթ վարչապետ է եղել, այնուհետև 2008-ին ընտրվել է նախագահ: Ընտրություններում նրա մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, չհամաձայնելով ընտրության արդյունքների հետ, հանրահավաքներ էին սկսել, ինչի ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով 10 մարդ էր զոհվել»:
Իշխանամետ «YeniŞafak» թերթի կայքը հայաստանյան իրադարձությունները ներկայացրել է «Սերժ Սարգսյանի դեմ ապստամբություն Հայաստանում» վերնագրով: Լրատվամիջոցը համառոտ անդրադարձ է կատարել բողոքի ակցիաներին՝ նշելով, որ ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան վիրավորներ:
Թուրքական առցանց լրատվամիջոցների վերնագրերում 2 հիմնական շեշտադրում է արվում: Առաջինը՝ Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին, երկրորդը՝ հանրահավաքների ուղեկցությամբ Սարգսյանի ընտրվելու մասին:
Ստորև ներկայացնում ենք այդ վերնագրերից առավել ուշագրավները՝
«Հակառակ ցույցերին՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետ» (Haberler.com)
«Հայաստանում «հեղափոխական կոմիտե» է ստեղծվել» (Haber7.com)
«Թավշյա հեղափոխություն Հայաստանում. շրջափակվում են պետական կառույցները» (ensonhaber.com)
«Հայաստանում բախումները շարունակվում են» (Akittv.com.tr)
«Հայաստանում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները» (Haberturk.com)
«Բողոքների թիրախում գտնվող Սարգսյանը Հայաստանի նոր վարչապետ է ընտրվել» (kurdistan24.net)
«Եվ Սարգսյանն ընտրվեց» (odatv.com)
պրավո մեր մեծն յեղափոխականներին !
հիմա ել նոր Վարչապետը, որու իրաւացիութիւնը խախտում էք – երեւութապէս, աշխարհի առաջ -, պիտի երթայ ու բանակցի գազաններին հետ, Արցախի համար
յետոյ ել իրեն կ’այպանէք, որ լաւ չի մղում այդ բանակցութիւնները
դուք ձեր ղեկավարներին կռնակից դաշոյն էք խփում, յետոյ ուղարկում թշնամիի հետ բանակցութեան
խելք չկայ… միայն մակերեսային զգացումներ, ծայրահեղ յուզականութիւն…