Ֆրանսիական հրապարակի առջեւից քիչ առաջ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել մի կնոջ, որը քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ համարյա վիճում էր:
«Պարոն Օսիպյան, ինչ եք փորձում անել, այստեղից երիտասարդներ տարան, արդեն հոգնել ենք ձեզանից, վե՛րջ տվեք, տանջեցիք մեզ: Հիշո՞ւմ ենք ՝ձեզ ոնց փրկեցին «Սասնա ծռերը»,- Օսիպյանին հարցնում էր մի կին:
«Սասնա ծռերը» թող իրենց մասին մտածեն, ո՞վ եք դուք»,- հետաքրքրվեց Օսիպյանը:
«Արժանապատիվ քաղաքացի, ընկալեցի՞ք, հասա՞վ տեղ, ձեզ խնայեցին, որ հիմա մեր դեմ աշխատեք»,- պատասխանեց կինը:
Երբ նրան փորձեցին բերման ենթարկել, նա փախավ պուրակ:
Ֆրանսիայի հրապարակ է եկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը: Նա զրուցում էր Օսիպյանի հետ՝ ասելով, որ իրավունք չունեն բերման ենթարկել քաղաքացիների, որովհետեւ իրենք խաղաղ ու ինքնաբուխ հավաք են անում:
«Ոչ հարգելիս, ես օրենքները շատ լավ գիտեմ, մենք իրավունք ունենք»,- պատասխանեց Օսիպյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ