Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական երգն ու երաժշտությունը բազմազգ լսարանին ներկայացնելու համար պատրաստվում են մեծ բծախնդրությամբ

Ապրիլ 18,2018 12:13

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում անցկացվող մեկ տասնյակից ավելի երկրների մշակույթների երկխոսության խաչմերուկում` DIVERCITES միջազգային փառատոնին, այս տարի` արդեն 4-րդ անգամ մասնակցելու է նաև Սևանը` ներկայանալով 5 երիտասարդ կատարողներով: Սևանցի երիտասարդներն իրենց ելույթներն ունենալու են Հայաստանի դրոշի ներքո:

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքը, քույր քաղաքներ կարգավիճակով, համագործակցում է աշխարհի 20 քաղաքների հետ: Ապակենտրոնացված ցանցի գործարկման լավագույն և արդյունավետ միջոցներից է նաև երաժշտական փառատոնի անցկացումը, որն ունի 13-ամյա կենսագրություն, անցկացվում է 2 տարին մեկ անգամ և կրում է DIVERCITES   / բառացիորեն` բազմազանություն / անվանումը:

Տարեցտարի փառատոնը դառնում է ավելի ընդգրկուն և գրավիչ: Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի ներկայացմամբ` սա մի գեղեցիկ օրինակ է, որի միջոցով Գրենոբլը համերաշխությանն ուղղված միջազգային քայլեր է կատարում: «Խառնելով տարբեր երկրների մշակույթները` ստացվում է հիանալի արդյունք` երաժշտական մի նոր սինթեզ` համեմված տարբեր մշակույթների տարրերով»,- նկատել է պարոն Պիոլը:

Փառատոնն իր տեսակի մեջ լինելով եզակի և ինքնատիպ` նաև հավակնոտ է, որը փորձում է համադրումների միջոցով ստանալ մի նոր որակ:

Փառատոնի մասնակիցներից Գուրգեն Մկրտումյանը 2014թ. արդեն անցել է փառատոնային բազմազանության միջոցով և ներկայացնում է իր տպավորությունները. «Մինչ ժամանելը Գրենոբլ որոշակի պատկերացում ունեինք նախագծի վերաբերյալ: Սակայն երբ մեր աչքերով տեսանք և նախնական տեղեկություններ ստացանք տեղում, հասկացանք, որ գործ ունենք լուրջ փառատոնի և կայացած երաժիշտների հետ: Նախապատրաստական աշխատանքները կազմակերպված էին բարձր մակարդակով, փորձերն ամենօրյա էին, հատկացված էին ձայնագրման տաղավարներ: Մեր աշխատանքը տվեց իր արդյունքը. մշակութային երկխոսությունը կայացավ, և մեր թիմը այդ երկխոսության մեջ բավականին լավ ներկայացավ»:

Գրենոբլյան փառատոնը հետաքրքիր ձևաչափ ունի. նախօրոք` ոչ մի պատրաստված համար, ամեն ինչ համադրվում է տեղում և ստեղծվում օրերի ընթացքում:

Սևանը ներկայացնող մյուս 4 մասնակիցները` Մանե Սերգոյանը, Գուրգեն Բաբայանը, Հրաչյա Բաղդասարյանը, Արտյոմ Հարությունյանը, տիրապետում են կամ որևէ երաժշտական գործիքի, կամ ունեն վոկալային տվյալներ:

Սևանը ներկայացնող երիտասարդների ընտրությունը կատարվել է Սևանի համայնքապետարանի կողմից: Սևանը` որպես գործընկեր համայնք, պատասխանատվությամբ է մոտենում այս փառատոնին, և ընտրությունն էլ կատարվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա Հայաստանը մշակութային այս ինքնատիպ հարթակում ներկայացնելու լավագույն հնարավորություն է:

Նախորդ տարիների փորձն էլ հուշում է, որ հերթական փառատոնին պետք է պատրաստվել հավուր պատշաճի, կարողանալ մյուս ժողովուրդների մշակույթին համադրել հայկականը, տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդների հետ ստեղծել բարեկամական հարաբերություններ:

Գրենոբլը մի քանի օր շարունակ դառնալու է երաժշտական խառնարան` համախմբելով տարբեր երկրների, մշակույթների, նախասիրությունների տեր երիտասարդներին: Փորձերին, ելույթներին հաջորդելու է գալա-համերգը, որը կայանալու է հուլիսի 15-ին Գրենոբլի Jardin de Ville-ում:

Այս փառատոնը ևս մեկ պատեհ առիթ է` ներկայացնելու մեր արժեքները, խոսելու հայի և Հայաստանի մասին, միաժամանակ աշխարհին ներկայացնելու Սևանը: Սևանն այլևս դուրս է եկել իր փոքրիկ տնից, և յուրաքանչյուր նմանատիպ ձեռնարկ ազդակ է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու, մշակութային առավել մեծ սահմաններ գծելու համար:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը կարևորում է մշակութային նման ձեռնարկների իրականցումը, միաժամանակ ողջունում է սևանցի երիտասարդների մասնակցությունը:

«Սեփական մշակույթդ կդառնա բոլորինը, եթե այն ներկայացնես աշխարհին, այսինքն` այսօր մենք ունենք միջազգայնացման խնդիր, որը լուծվում է նաև այսպիսի ծրագրերի շնորհիվ: Սա ճանաչելիության չափանիշներից մեկն է, որը պետք է օգտագործել նպատակային: Երիտասարդների հիմնական խնդիրն էլ պետք է լինի մեկը` առաջ շարժվել: Շարժման խթանիչ ուժն էլ նոր մոտեցումներն ու գաղափարներն են: Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան մեծ գումարներ է ծախսում ֆրանսիական լեզուն, պատմությունն ու մշակույթը տարածելու համար, ընդլայնում է ֆրանկոֆոն ընտանիքի աշխարհագրությունը: Մենք էլ հնարավորության սահմաններում պետք է կարողանանաք տարածել հայկական մշակույթն ու արժեքները: Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է պետք, ինչպես նաև լայն ճանաչում, որը պետք է կատարվի նաև մեր երիտասարդների միջոցով և նրանց շնորհիվ»,- ասում է Սևան համայնքի ղեկավարը:

Սևանցի երիտասարդներն այս օրերին սկսել են իրենց փորձերը: Հայկական երգն ու երաժշտությունը բազմազգ լսարանին ներկայացնելու համար պատրաստվում են մեծ բծախնդրությամբ, արդեն ունեն նախնական ծրագիր:

Հավելենք, որ Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցությունը 14-ամյա կենսագրություն ունի, և ի թիվս մի շարք ծրագրերի ու նախաձեռնությունների, որոնք իրականացվել են զբոսաշրջության, առողջապահության, ֆրանսախոսության և    այլընտրանքային էներգիայի համակարգի ներդրման ուղղություններով,    DIVERCITES-ն էլ հայ- ֆրանսիական, ինչպես նաև այլ ժողովուրդների հետ երկխոսության լավագույն դրսևորումներից է, մշակութային սպասված տոն:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30