«Ես ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ պատերազմի մասնակից, բայց իմ որդու բանակ գնալու օրվանից առ այսօր ես մտել եմ բանակի կյանքի մեջ։ Իմ պարզ մտածելակերպով այդպես է, երբ զինվորը զոհվում է սահմանին, երբ զոհվում է թշնամու գնդակից, երբ զինվորը գնում է գիտակցաբար մահվան, ապա նա դառնում է հերոս։ Անկախ այն բանից՝ դա ապրիլյան է, հունիսյան է, թե հուլիսյան։ Ես ոչ մի էական նշանակություն չեմ տեսնում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է մարտական գործողությունների ժամանակ զոհված Արամայիս Ռսկանյանի մայրը՝ Անուշ Հակոբյանը։
Ըստ տիկին Անուշի՝ ՀՀ-ում անգամ սկսել են տարանջատել հերոսներին ու տարբերություն դնել անգամ նրանց մեջ. «Ես շատ եմ կարդում, ուսումնասիրում եմ բոլոր հերոսների պատմությունները։ Պատկերացրեք, որ անգամ հերոսների մեջ են շերտավորում ու տարանջատում մտցրել։ Հարուստների, աղքատների, տեղեկացված լինել-չլինելու։ Ընտանիքներ կան՝ ընդհանրապես անտեսված են, ինչի՞ համար, չէ՞ որ որդի են կորցրել։ Էրեխեք կան ծայրամասային գյուղերից, որոնց անունը չի էլ հիշատակվում։ Իմ ցանկությունը մեկն է, որ մեր հերոսները հավասար համարվեն, հավասար լուսաբանվեն։ Ովքեր որ զոհվել են սահմանին թշնամու կրակոցից, նրանք բոլորն ինքնըստինքյան հերոսներ են։ Ինձ բազմիցս տարբեր բնույթի օժանդակություններ են առաջարկել, բայց ես հրաժարվել եմ։ Ինձ որեւէ դրամական օգնություն պետք չէ, ինձ համար առաջնայինը այն է, որ իմ երեխայի սովորած դպրոցը՝ Գավառի համար հինգ հիմնական դպրոցը, անվանակոչվի իր անունով, որովհետեւ իմ որդին Գավառի մերօրյա միակ հերոս է։ 1994-ից հետո Արամայիսը միակն է, որ Գավառից է զոհվել։ Դպրոցում բացվել է ռազմագիտության դասարան որդուս անունով, բայց ես շատ եմ ցանկանում, որ դպրոցն անվանակոչվի։ Ես ուրիշ ոչինչ չեմ ուզում, իմ որդին արժանի է դրան»։
Դպրոցում տիկին Անուշին ասել են, թե իրենք չեն կարող անվանակոչել, դրան
ժամանակ է պետք։ «Աբովյանի Կեչառիս գյուղի հերոս Ազատ Սիմոնյանի սովորած դպրոցը արդեն պատրաստվում են կոչել Ազատի անունով։ Այդ մասին հայտարարել է իրենց մարզպետը։ Ռոբերտ Աբաջյանի զոհվելուց ընդամենը երեք ամիս անց ե՛ւ Արցախի մի դպրոց կոչվեց իր անունով, ե՛ւ Երեւանում իր սովորած թիվ 147 դպրոցը։ Այս մի բանը անեմ ու նոր մեռնեմ»,-ասում է Անուշ Հակոբյանը՝ չկարողանալով զսպել արցունքները։
Լյուսի ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում