Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից քիչ առաջ բարձրացան Բաղրամյան պողոտա, այսօր արդեն չկան ոստիկանական շղթան ու փշալարերը:
Ոստիկանական ուժերը տեղակայված են Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ հետնամուտքի մոտ, նրանք վահաններով են, բայց շարժ դեպի ցուցարարներ չկա: Ցուցարարներն անարգել հասան մինչեւ վարչապետի նստավայր՝ Բաղրամյան 26:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել նստավայրը, որը պահպանում են տասնյակի հասնող զինված ոստիկաններ ու հորդորում են առաջ չգալ:
«Մեր շարժման մասնակիցները ցուցաբերում են հարգանք ու քաղաքավարություն ոստիկանների նկատմամբ, բռնությունն ու սադրանքը բացառվում է, ֆիզիկական ու բարոյական վնասվածքը բացառվում է, մեր շարքերի մեջ ոստիկանները տասնյակ բարեկամներ ունեն: Մենք չենք եկել ոստիկանության կամ մեր հայրենիքի որեւէ գույքի ու ունեցվածքի դեմ պայքարելու, եկել ենք հեռացնելու Սերժ Սարգսյանին ու հանրապետականին: Բաղրամյան 26-ի շրջափակումը սկսված է ու կշարունակվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ