«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպը հնդկական կինո է համարում:
«Սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, ռեժիսորը՝ ոստիկանությունը, իսկ ռեժիսորի ասիստենտը Շմայսն ու նրա նմանները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ նրանց ծրագիրը չաշխատեց. «Երբ որոշումներ էին ներկայացնում, մենք հստակ գիտեինք, որ այդպիսի սցենար է լինելու, մենք, հասկանալով ռիսկերը, նաեւ այդ ռիսկին գնացինք ու հայտարարեցինք մեր հանրահավաքի ավարտը: Այս ժամի բազմամարդությունը ցույց է տալիս, որ արդարացված որոշում էր»:
Անդրադառնալով հեղափոխական կոմիտեի ստեղծմանը՝ ասաց, որ քննարկումների փուլում են, հանրության հետ պետք է քննարկեն, անպայման որոշումը կհրապարակեն. «Կոմիտեն պետք է կազմված լինի այն մարդկանցից, որոնք մասնակցել ու կազմակերպել են գործընթացը: Հեղափոխությունը սկսված է, ունի համազգային աջակցություն, նման ծավալի հանրահավաք երրորդ հանրապետությունում չի եղել: Սա նշանակում է՝ ողջ հայությունը ներգրավված է գործընթացում»:
Ինչ վերաբերում է հանրային ռադիո ներխուժման գործով ձերբակալումներին՝ Փաշինյանն ասաց՝ որոշել են՝ ինչ քայլեր պետք ձեռնարկեն իրենց ընկերներին պաշտպանելու համար. «Իրավապահներին կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել նրանց, մենք զբաղվում ենք նրանց գործով, նրանք ակտիվիստներ են, մեկին անձամբ ճանաչում եմ, երկրորդին, ում չեմ ճանաչում, տասնվեց տարեկան է, անչափահաս»:
Անդրադառնալով ցուցարարների մտավախությանը, թե հնարավո՞ր է, Նիկոլ Փաշինյանն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի նման մարդկանց տուն ուղարկի՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց շարժման մասնակիցները հստակ տեսնում են, որ գործընթացը ճշգրիտ է գնում :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ