Այս օրերի ընթացքում վիճակվեց լսել փողոցային պայքարի սիրահարների ամենաանհավանական ու զարմանահրաշ առաջարկություններ եւ հայտարարություններ։
Օրինակ, մի խումբ ակտիվիստներ փորձեցին կտրել վարչապետի ընտրության գորդյան հանգույցը։ Նրանց առաջարկի էությունն այս էր. վարչապետի ընտրություններին ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը ճիշտ չէ, քանզի լեգիտիմացնում է ռեժիմին։
Ընտրություններին չմասնակցելը նույնպես լավ չէ, քանզի նշանակում է հանձնվել առանց մարտի, քվեարկության ժամանակ պետք է լինեն «դեմ» ձայներ։
Նշանակում է, պետք է գնալ երրորդ ճանապարհով, այն է. «մենք կանցկացնենք այլընտրանքային ընտրություններ եւ ինքներս վարչապետ կընտրենք մեզ համար»։
Նման առաջարկի խորապատկերին իրավացիորեն «քաղաքական արկածախնդիր» հորջորջված Փաշինյանը, ըստ Գորկու հանրահայտ արտահայտության, ասես «ճարպոտ մարմինը ժայռերում երկչոտ թաքցնող հիմար պինգվին» լինի, որի ողջ արկածախնդրությունը հանգում է ուժի կիրառմամբ ռադիոյի շենք ներխուժելուն։
Ինչը ակտիվիստների առաջարկած միջոցառման համեմատ խորապես անմեղ արարք է։
Եթե վարչապետի այլընտրանքային ընտրությունների մասին խոսվում էր լրջորեն (հումորի զգացումով հեղափոխականները, որպես կանոն, առանձնակի աչքի չեն ընկնում), ապա պետք է հիշեցնել, որ վարչապետը պետության փաստացի ղեկավարն է։ Այլ կերպ ասած՝ իշխանության մարմնավորումը։ Իսկ իշխանությունը, ինչպես ուսուցանել են դասականները, կազմակերպված բռնության համակարգ է։
Կազմակերպված բռնության այլընտրանքային համակարգի ձեւավորումը, որն անխուսափելիորեն մրցակցում է արդեն գոյություն ունեցողի հետ, նշանակում է հետեւյալը. կամ չեն գործի ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը եւ վրա կհասնի անարխիա։ Կամ էլ կազմակերպված բռնության երկու համակարգերը միմյանց հետ հարաբերություններ կպարզեն «ում թուրն է ավելի սուր» սկզբունքով։ Քաղաքացիական պատերազմ է այն կոչվում։
Թեպետ քաղաքացիական պատերազմ մեզանում երբեք չի լինի, քանզի մշտապես խախտվում է կանոնը, համաձայն որի՝ չի կարելի վստահել առաջնակարգ կարեւորության գործը երրորդ կարգի մարդկանց։ Այդ կանոնի անտեսումով էր ընկեր Ստալինը պատճառաբանում Հին Հռոմի կործանումը։
Իսկ փողոցային ակտիվիստները, եթե անկեղծ խոսենք, ոչ մի բանի պիտանի չեն։ Նրանք ասես այն անեկդոտի հերոսը լինեն, որին բժիշկը հրաժարվեց վիագրա նշանակել, պատճառաբանելով, թե անիմաստ է նոր դրոշ բարձրացնել խորտակվող նավի վրա։
Գագիկ Մկրտչյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում