Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է բացատրեն, թե այդ ինչ միջոցներ են գործածվել, որոնց հետեւանքով մարդու ոտքի ոսկրը փշրվել է. Անդրանիկ Քոչարյան. «Հրապարակ»

Ապրիլ 18,2018 10:23
zayn

Ապրիլի 16-ին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման շարժման 17-րդ օրը, ոստիկանությունը հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառեց, 46 հոգի վիրավորվեց։ Ցուցարարները, որոնք առաջին շարքերում էին, վստահեցնում են, որ խոսքը «Զարյա» տեսակի նռնակների մասին է։ Այդ նռնակի պայթյունից մարդիկ բեկորային վնասվածք են ստացել։ «Ոսկորներն էին երեւում վիրավորների»,- ասաց ցուցարարներից մեկը։ Նաեւ ճարտարապետ Զավեն Գրիգորյանի ոտքերի մոտ է նռնակ պայթել։ Ըստ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի՝ նա ոսկրի կոտրվածք է ստացել։ «Ոտքը կոտրված է եղել, այժմ նրա ոտքը հատուկ կոնստրուկցիայի միջոցով ամրացրել ենք, նա Հերացու անվան կլինիկայում է»,- ասաց նա: Նաեւ հայտնեց, որ վիրավորված ոստիկաններից մեկի վիճակը կայուն ծանր է։ Նրա անունը Հայթայանը չհայտնեց՝ ասելով, որ նախարարությունն անուններ հայտնելու իրավասություն չունի։

Ոստիկանությունը հաստատում է՝ ձայնային նռնակներ են օգտագործվել

Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են՝ ապրիլի 16-ին ձայնային նռնակներ են կիրառվել։ Սակայն ինչ տեսակի նռնակների մասին է խոսքը, հայտնի չէ։

«Նրանք պարտավոր են ասել, թե ինչ տեսակի նռնակներ են կիրառել,- ասում է պաշտպանության նախկին փոխնախարար, մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։- Դրանց արդյունքում մարդիկ վիրավորումներ են ստացել, այդ թվում՝ ծանր, ինչպես ցուցարար Զավեն Գրիգորյանը։ Նախ պետք է բացատրեն, թե այդ ինչ միջոցներ են գործածվել, որոնց հետեւանքով մարդու ոտքի ոսկրը փշրվել է։ Եթե հնարավոր էր այդպիսի ծանր վիրավորում պատճառել, ուրեմն այդ միջոցը կարող էր նաեւ սպանել։ Պետք է ասեն նաեւ, թե արդյոք տեղյա՞կ էին, որ այդ միջոցները կարող են նման հետեւանքների բերել։ Մարդկանց ոտքերի մոտ բեկորներ են բաց թողնվում, որը վտանգ է ոչ միայն ոտքերի, այլեւ կյանքի համար»։

Անդրանիկ Քոչարյանը, որպես մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար, ժամանակին մանրամասն ուսումնասիրել է մարտի 1-ին սպանված քաղաքացիների փաստաթղթերը։ 2008 թվականի մարտի 1-ին այս նռնակների կիրառումը ոստիկանության կապիտան, մոտոհրաձգային վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանի մահվան պատճառը դարձավ։ Սա մարտի 1-ի դեպքերով զբաղվող ՀԱԿ փաստահավաք խմբի եզրակացություններից էր։ Հետագայում, Նիկոլ Փաշինյանի գործով դատաքննության ժամանակ, այս մասին հայտնեց նաեւ Փաշինյանի շահերը պաշտպանող փաստաբան Լուսինե Սահակյանը։ Փաշինյանին այն ժամանակ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք էին առաջադրել։

Մարտի 1-ի պաշտոնական հետաքննությամբ զբաղվող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մինչեւ վերջ չընդունեց փաստահավաքների այս պնդումը։ Ըստ պաշտոնական քննության՝ կապիտան Թադեւոսյանը մահացել էր ոչ թե ոստիկանների, այլ անհայտ անձի նետած նռնակից։ «Մարդը, որը նետել էր այդ նռնակը կամ պայթուցիկ նյութը, որի հետեւանքով մահացել է Համլետ Թադեւոսյանը, չի հայտնաբերվել»,- ասել էր Վահագն Հարությունյանը:

«Սպանության փորձին համարժեք հանցագործություն է»

Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ նախօրեի վիրավորների վնասվածքները նման են այն օրերին ցուցարարների ստացած վնասվածքներին։ «Սա նշանակում է, որ ոստիկանությունը մարտի 1-ից դասեր չի քաղել,- ասում է Անդրանիկ Քոչարյանը։- Մենք մեր զեկույցում մանրամասն նշել ենք, որ սխալ հրահանգի արդյունքում կարող է կյանքի վնաս հասցվել, ինչպես եղել է ոստիկան Համլետ Թադեւոսյանի դեպքում։ Մենք վստահ ենք, որ նրա մահը վրա է հասել ոչ թե ցուցարարի նետած նռնակից, այլ ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում։ Անգամ Ռուսաստանը, եթե չեմ սխալվում, 2005 թվականին հանեց ձայնային նռնակներն իրենց ոստիկանության արսենալից, այն բանից հետո, երբ ցուցարար վիրավորվեց»։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ անհրաժեշտ է քրեական գործ հարուցել այն անձի դեմ, ով տվել է լուսային նռնակներ օգտագործելու հրամանը։ «Նա պետք է պատժվի, պայթյունի հրաման տվողը պետք է բացատրություն տա, եւ եթե նա գիտեր այդ զենքի հնարավոր ազդեցության մասին ու կիրառել է, ապա դա սպանության փորձին համարժեք հանցագործություն է»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30