Ընդդիմության ցույցերի մասնակից Գարեգին Միսկարյանը, որը ոստիկանության բաժանմունքում «ֆորմատ» էր արել իրավապահների համակարգիչները՝ Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ թեեւ իրեն երեք ժամի փոխարեն անհիմն վեց ժամ պահեցին ոստիկանության բաժանմունքում, ինքը մնում է այն կարծիքին, որ ոստիկանների գերակշիռ մասը խելացի ու կիրթ մարդիկ են, պարզապես, իր ձեւակերպմամբ, համակարգը թույլ չի տալիս, որ նրանք ազնվորեն դրսեւորվեն:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հայտարարած ցանցային պայքարը, երբ արդեն Սերժ Սարգսյանն ընտրվել է, Գարեգին Միսկարյանը նշեց. «Թե ինչ կտա պայքարը, ցույց կտա ժամանակը, եւ ես չէի ցանկանա գուշակություններ անել նախօրոք: Բայց այն միտումը, որ կա այս պահին, ինձ հուսադրում է: Այս հանրահավաքը շատ է տարբերվում 2008-ի եւ մնացած հանրահավաքներից իր տրամաբանությամբ. կոնկրետ կանգնած են մարդիկ, որոնք կոնկրետ գործ են անում այս ռեժիմը տապալելու ուղղությամբ: Մարդիկ ունեն քաղաքացիական բարձր գիտակցություն, եւ երեկ էլ Նիկոլի հայտարարությունից հետո, որ ինքը թողնում է հրապարակը եւ անցնում է այսպես ասած՝ ցանցային պայքարի, մարդիկ ճիշտ գնահատեցին եւ ողջունեցին, ինչը չէր կարող լինել 2008-ին, երբ պայքարն անձի շուրջ էր ձեւավորված: Այս պարագայում ժողովրդի ընդվզումն է:
Նիկոլի հանգամանքը կապ ունի, նա բավականին հարգանք է վայելում, բայց շատ են մարդիկ, որոնք իրենց իրավունքների համար են պայքարում՝ հասկանալով, որ այսպես ապրելն անհնարին է»:
Խոսելով ոստիկանների մասին՝ Գարեգին Միսկարյանը նշեց. «Այն բոլոր ոստիկանների հետ, որ շփվել եմ, գրեթե, բացառությամբ մեկ-երկու հոգու, չեն անցել քաղաքավարության սահմանը: Բացառությամբ երկու-երեք հոգու, կիրթ, զարգացած մարդիկ են հանդիպել: Շփվել եմ մի տասը-տասնհինգ հոգու հետ, իհարկե կա լարվածություն: Ինչպես հասկացա, իրենք չորս օր շարունակ լարված ռեժիմով աշխատել են, հոգնած էին, բայց այդուհանդերձ քաղաքացիների հետ բարեկիրթ եւ հարգալից էին վարվում:
Իմ հանդեպ բռնություն չի կիրառվել, ոչ մի պահանջ չի հնչել, ոչ մի հիմք չեն ներկայացրել, թե ինչու են ինձ բերման ենթարկում, չեն ասել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ իմ արարքը եւ չեն ներկայացել, թե ովքեր էին: Իհարկե ոստիկանական համազգեստով էին, բայց չներկայացան:
Զուտ մարդկային հարաբերությունները եղել են բարձր մակարդակի վրա, ոչ մի բողոք այդ առումով չունեմ: Բայց համակարգը ինքը, ինչքան ես եմ հասկանում, խնդիրներ ունի, ուստի շատ ռեֆորմների կարիք ունի: Արմատապես պետք է փոխվի: Ըստ իս, եթե Վրաստանի դեպքում բոլորը հեռացվեցին համակարգից, նոր մարդիկ ներգրավվեցին, որոնցից շատերը կապ չունեին համակարգի հետ, մեզ մոտ կադրային խնդիր չի լինի, եթե բարեփոխումներ կատարվեն»:
Մեր զրուցակիցը հավելեց. «Ոստիկանական համակարգում աշխատանքի բաժանումը շատ անարդյունավետ է այս պահին. կան ոստիկանական աշխատակիցներ, որոնք վճարվում են փողոցում զուտ քայլելու համար՝ երեք-հինգ հոգով ու ոչ մի բան չեն անում, եւ քաղմասներում կան ոստիկանության աշխատակիցներ, որոնք արտաժամյա մնում են, որպեսզի հասցնեն ավարտել գործերը: Թղթաբանությունը այնքան շատ է, որ մարդիկ իրական օպերատիվ աշխատանք կատարելու համար ժամանակ չեն ունենում: Մի խոսքով շատ-շատ խնդիրներ կան՝ չհաշված, որ երեք ժամից ավելի պահեցին մեզ, ինչքան հասկացա այդ որոշումն էլ վերեւից էր, որովհետեւ ոստիկանների համար եւս անակնկալ էր: Երբ թղթաբանությունն ավարտելուց հետո հանդիպեցի ՄԻՊ աշխատակցի հետ եւ պետք է դուրս գայի, պարզվեց՝ իմ դուրս գալուց մի տասը րոպե առաջ էր կայացվել որոշումը, որ բոլորին պետք է պահել անորոշ ժամանակով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից