Լրահոս
Օրվա լրահոսը

Սուլթանություն կամ բռնապետություն, որը չի անհանգստացնում Եվրոպային

Ապրիլ 18,2018 12:00

Ընտրություններ՝ առանց անակնկալների

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 11-ին վերընտրվեց նախագահական արտահերթ ընտրություններում՝ ստանալով 86 տոկոսից ավելի ձայներ: Նա չորրորդ անգամ ստանձնեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը, եւ ալիեւյան կլանը՝ բազմամիլիոնանոց բիզնեսների, խոշոր կոռուպցիոն գործարքների մասին բացահայտումներով հանդերձ, առաջիկա 7 տարիներին կղեկավարի երկիրը: Սահմանափակում, թե քանի անգամ կարող է միեւնույն անձը նախագահ ընտրվել, Ադրբեջանում այլեւս չկա, այսինքն՝ Ալիեւը կարող է շարունակաբար «ընտրվել»՝ դառնալով ցմահ ղեկավար: Ալիեւի հաղթանակը միանգամայն սպասելի էր:

«Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել էր ադրբեջանական իշխող վարչակազմի ամենաազդեցիկ դեմքերին: Նրանցից մեկը՝ 80-ամյա Ռամիզ Մեհթիեւը, ում համարում են ստվերային գործիչ, նախագահի աշխատակազմը ղեկավարում է 23 տարի: Ադրբեջանի ամենատարեց պետական գործիչը՝ 83-ամյա Արթուր Ռասիզադեն, վարչապետի պաշտոնը ստանձնել է 22 տարի առաջ եւ մինչ օրս պաշտոնավարում է: Ռասիզադեի տեղակալ Աբիդ Շարիֆովը ոչ միայն իր պատկառելի տարիքով, այլեւ ունեցվածքով չի զիջում վերադասին: Հենց նա է համարվում երկրի շինարարական ամենախոշոր ընկերություններից մեկի սեփականատերը: Ադրբեջանի վարչապետը եւս մեկ տեղակալ ունի՝ 73-ամյա Յագուբ Էյուբովը, որը պաշտոնը ստանձնել է 19 տարի առաջ: Ըստ արեւմտյան մի շարք հեղինակավոր պարբերականների հետաքննական նյութերի՝ Էյուբովի ընտանիքը զբաղվում է Եվրոպայում Ադրբեջանի իշխող ընտանիքի փողերի լվացմամբ: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը վերջին 23 տարիներին անընդմեջ ղեկավարում է Ռամիլ Ուսուբովը, որի գերդաստանը հայտնի է, մասնավորապես, ռեստորանային բիզնեսով: «Ալլահշաքյուր Փաշազադեն՝ երկրի կրոնական առաջնորդը, թեեւ 38 տարի է՝ գլխավորում է Կովկասի մահմեդականների վարչությունը, այդուհանդերձ, նրա անվան հետ են կապվում աշխարհիկ գործիչներին բնորոշ սկանդալային պատմություններ: Փաշազադեին անվանում են «մրգերի արքա»՝ որոշ մրգեր Ադրբեջան ներկրելու իրավունք ունի միայն նա, ում բիզնես կայսրությունը, սակայն, դրանով չի սահմանափակվում:

Ըստ Meydan TV-ի՝ հոգեւոր առաջնորդը շենք-շինություններ ունի Չեխիայում»,- փոխանցում էր «Ազատությունը»-ը՝ հղում կատարելով Meydan TV-ին: Իր պաշտոնավարման 18 տարիների ընթացքում հարյուրավոր լրագրողների, բլոգերների, ընդդիմադիր գործիչների, իրավապաշտպանների բանտ է նետել Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը: Ըստ Meydan TV-ի՝ արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը 56 տարեկանում հասցրել է դառնալ Ադրբեջանի ամենահարուստ մարդը՝ Ալիեւներից եւ Փաշաեւներից հետո: Ահա այս թիմը կշարունակի Ադրբեջանում իշխել:

Ինչպես հայտնի է, ադրբեջանական ընդդիմությունը բոյկոտեց արտահերթ ընտրությունները: Քանի որ արտահերթ ընտրություններն անցկացվեցին հերթականից կես տարի շուտ, ընդդիմադիրները նշում էին, որ այդ կերպ Ալիեւը դիմեց խորամանկության՝ թույլ չտալով նրանց լրջորեն պատրաստվել նախագահական ընտրությունների:

Ադրբեջանում նախագահական ընտրություններին թեեւ մասնակցեցին եւս 7 թեկնածուներ, սակայն նրանց հանդիպումները ընտրողների հետ կազմակերպում էր իշխանությունը, եւ զավեշտը հասել էր նրան, որ թեկնածուներից երեքը նույնիսկ ընտրությունների օրը հայտարարեցին, որ ընտրել են Ալիեւին: Իսկ Ադրբեջանում գործող սակավաթիվ անկախ լրատվամիջոցները համատարած հայտնում էին քվեարկության առաջին իսկ ժամերից բազմաթիվ ընտրախախտումների՝ «կարուսելների», լցոնումների, կրկնակի քվեարկությունների դեպքերի մասին:

«Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն անհնարին է»

«Ադրբեջանում տիրող քաղաքական միջավայրում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն անհնարին է»,- ընտրությունների հաջորդ օրը Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարեցին նախագահական ընտրությունների ընթացքին հետեւած միջազգային դիտորդները: «Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են սահմանափակումներով աչքի ընկնող քաղաքական միջավայրում եւ այնպիսի օրենքների առկայության պայմաններում, որոնք կրճատում են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները»,- նշված է ԵԱՀԿ դիտորդների տարածած հայտարարության մեջ: «Ընտրարշավն աչքի ընկավ բազմակարծության բացակայությամբ:

Դա վերաբերում էր նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներին: Ընտրությունների առանձնահատկություններից էր իրական ազատության բացակայությունը»,- նաեւ նշում էին արեւմտյան դիտորդները՝ արձանագրելով, որ թե՛ քվեարկության ընթացքը եւ թե՛ քվեների հաշվարկն աչքի ընկան լուրջ խախտումներով: Այս մասին, մասնավորաբար, հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավարներից մեկը` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ Նիլզա Դե Սենան. «Քվեարկության օրը մենք արձանագրել ենք օրենքով սահմանված պարտադիր ընթացակարգերի համատարած անտեսում, թափանցիկության բացակայություն, նաեւ մի շարք լուրջ ընտրախախտումներ, այդ թվում՝ քվեատուփերի լցոնման դեպքեր»: «Քվեների հաշվարկը բացասական է գնահատվել դիտարկված ընտրատեղամասերի ավելի քան 50 տոկոսում` հիմնականում կանխամտածված կեղծիքների եւ օրենքով սահմանված ընթացակարգերի անտեսման պատճառով»,- նշել էին դիտորդները:

Իսկ Freedom House-ը անցումային երկրներում ազատության իրավիճակի վերաբերյալ իր ամենամյա զեկույցում նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանում ավտորիտարիզմն ավելի է ամրապնդվել: «Ադրբեջանում շարունակվել են ազատությունների սահմանափակումները, ուժեղացել են իշխանությունների հակառակորդների նկատմամբ ճնշումները, քաղաքական մոտիվներով ձերբակալությունները դարձել են սովորական: Ադրբեջանի իշխանությունների կողմից ժողովրդավարական կանոնների եւ չափանիշների անտեսումն ազգային քաղաքականության բնույթ է ստացել: Այս ամենն արտացոլվում է երկրի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների անտեսմամբ, իշխանություններին քննադատող լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներով, եվրոպական գործիչների կաշառմամբ, անցանկալի սոցկայքերի արգելափակմամբ, հավատացյալների նկատմամբ ճնշումներով եւ այլն»,- նշվում է զեկույցում:

Ընդդիմության հանրահավաք՝ ընդդեմ կեղծված ընտրությունների

Ադրբեջանական ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը: Ընդդիմադիր մի շարք կուսակցությունների միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ընտրությունները չեն համապատասխանել ո՛չ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին, ո՛չ էլ երկրի Սահմանադրության դրույթներին: Իսկ «Մուսավաթ» կուսակցությունը նշեց, որ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն ի սկզբանե հակասահմանադրական է եղել:

Ապրիլի 14-ին ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք անցկացրեց՝ բողոքելով նախագահական ընտրությունները կեղծելու դեմ, նրանք պահանջում էին չեղարկել արտահերթ նախագահական ընտրությունները: Բազմամարդ հանրահավաքին մասնակցում էին «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» եւ «Մուսավաթ» կուսակցության կողմնակիցները: «Մուսավաթի» առաջնորդն ընտրությունները որակել է «քվեարկություն առանց ընտրության»: «Արտահերթ քվեարկություն անցկացնելու պատճառն այդպես էլ հայտնի չդարձավ ո՛չ քարոզարշավից առաջ, ո՛չ դրա ընթացքում, ո՛չ հետո:

Ժողովրդավարական ընտրությունների անցկացման որեւէ պայման չպահպանվեց, 150 մարդ ազատազրկված է քաղաքական հայացքների համար, մամուլն ու հեռուստատեսությունը` իշխանությունների հսկողության տակ»,- նշել է Արիֆ Հաջիլին:

Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին էլ հայտնել է, թե գործող վարչակազմը ճնշումներ է բանեցրել նաեւ հանրահավաքը խափանելու համար: Ըստ նրա՝ կուսակցության ութ ներկայացուցիչներ նախօրեին վարչական կալանքի են դատապարտվել, հարյուրավոր ակտիվիստներ կանչվել ոստիկանություն: Հանրահավաքի ավարտին ընդդիմադիրները համատեղ բանաձեւ են ընդունել, որտեղ նշվում է, որ շարունակելու են պայքարը, քանի դեռ Ադրբեջանում չեն անցկացվել ազատ ու արդար ընտրություններ:

161 մարդ՝ քաղբանտարկյալների ցուցակում

Մինչ Ալիեւը Ադրբեջանի նախագահական ընտրություններում պատրաստվում էր «վերընտրման», Ալիեւի ռեժիմի գլխավոր ընդդիմադիրներից մեկը՝ Լեյլա Յունուսը, ֆրանսիական Liberation թերթին պատմում էր ադրբեջանական բանտերում կիրառվող կտտանքների մասին: «Պաշտոնապես Ադրբեջանը հանրապետություն է, սակայն իրականում այն սուլթանություն է: Նախագահը՝ մեր բռնապետը, առաջին անգամ ընտրվել է 2003թ.: Այսօր Ադրբեջանում արդեն չկան անկախ իրավապաշտպաններ, լրագրողներ: Քաղբանտարկյալների մեր ցուցակում 161 մարդ կա, որոնց թվում 12 լրագրող եւ բլոգեր, մեկ պոետ եւ մեկ արձակագիր: Նրանցից մի քանիսը բանտարկության մեջ են գտնվում արդեն շուրջ 20 տարի: Ռուսաստանում, որը Ադրբեջանի համեմատությամբ ավելի ուժգին քննադատության է ենթարկվում ԵՄ-ի կողմից, ավելի քիչ քաղբանտարկյալներ կան»,- նկատել է Յունուսը:

«Եվրախորհուրդը, որի կազմի մեջ մտնում է նաեւ Ադրբեջանը, հավանություն չի տվել նրա հանդեպ ոչ մի պատժամիջոցի, թեպետ համարում է իրեն մայրցամաքի գլխավոր իրավապաշտպան կազմակերպությունը: Նոյեմբերին Ալիեւը եկավ Բրյուսել եւ հանդիպեց Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որը հայտարարեց, որ ԵՄ-ն եւ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն, մինչդեռ ամեն տարի մեր երկրում մարդիկ են մահանում կտտանքների պատճառով»,- ասել Յունուսը:

«Ադրբեջանը բռնապետություն է, թեպետ դա չի անհանգստացնում Եվրոպային: Մենք պահանջում էինք պատժամիջոցներ, սակայն ապարդյուն: Այսօր իրավիճակն Ադրբեջանում չափազանց վտանգավոր է. մենք մոտ ենք տնտեսության փլուզմանը»,- նշել է իրավապաշտպանը: Ըստ նրա՝ Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ Ադրբեջանն ունի նավթ եւ գազ, ինչի միջոցով Եվրոպան փորձում է չեզոքացնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից: Յունուսը հավելում է, որ դա աշխարհաքաղաքականության եւ ֆինանսների հարց է. «Ալիեւն ասել է, որ ոչնչացնելու է երկրի քաղաքացիական հասարակության բոլոր մարմիններն ու ինստիտուտները: Իշխանությունները մեզ համարում են ժողովրդի թշնամիներ: Մենք հետապնդման ենք ենթարկվում նույնիսկ Եվրոպայում»:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի ապրիլի 18-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 17.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30