Տուժող փոխգնդապետն ասել է, որ զորամասի հրամանատարի տեղակալի հարվածի հետեւանքով շրթունքի, քթի եւ գլխի հատվածներում ստացել է վնասվածքներ, երկու անգամ ենթարկվել գլխի ծանր վիրահատության եւ ձեռք բերել հաշմանդամություն, որի պատճառով զորացրվել է:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-տեխնիկական մասի պետ, փոխգնդապետ, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառու Հայկազ Հովհաննիսյանի նկատմամբ Ալավերդու դատարանը վերջնական պատիժ էր նշանակել 3 տարի 4 ամիս 7 օր ժամկետով ազատազրկումը: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրած կալանավորումը թողել էր անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվելով 2016 թ. սեպտեմբերի 1-ից: Վերաքննիչ քրեական դատարանը Հ. Հովհաննիսյանի պաշտպան, ճանաչված փաստաբան Ռուբեն Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն: Վճռաբեկ դատարանը մեկ օր հետո կքննի վճռաբեկ բողոքը:
Վերաքննիչ դատարանը բեկանել էր պատիժների մասով դատավճիռը, եւ պատիժները լրիվ գումարելու միջոցով Հ. Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ է նշանակել 1 տարի 7 օր ժամկետով ազատազրկումը:
Նկատենք, որ տուժողի կողմից քաղհայց գործով չկար:
Հայկազ Հովհաննիսյանը չի ընդունել իրեն մեղսագրվածը, այն, որ 2015 թվականի դեկտեմբերի 14-ին զորամասի շտաբի մասնաշենքի մոտ վիճաբանության մեջ է մտել փոխգնդապետ Աշոտ Բադալյանի հետ, բռնություն է գործադրել իր նկատմամբ ծառայողական դիրքով պետ հանդիսացող Ա. Բադալյանի նկատմամբ՝ դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Հ. Հովհաննիսյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Գործի նյութերի համաձայն, փոխգնդապետ Հովհաննիսյանը հայտնել էր, որ երբ զորամաս է գնացել, հերթապահից իմացել է, որ ստուգումների է գնացել փոխգնդապետ Աշոտ Բադալյանը: Զորամասի հրամանատարի աշխատասենյակում եղել են զորամասի հրամանատար Ալեքսանդր Թազագուլովը, թիկունքի պետ Աշոտ Հակոբյանը, Աշոտ Բադալյանը: Ի դեպ, փոխգնդապետն ասել էր, որ Ա. Բադալյանին ճանաչել է համատեղ ծառայությունից եւ նրա հետ գտնվել կանոնադրային նորմալ փոխհարաբերությունների մեջ: Փոխգնդապետ Հ.Հովհաննիսյանը գնացել է բժշկի մոտ, վերցրել է ուղեգիր` հոսպիտալի միջոցով իր կնոջը հիվանդանոցում պառկեցնելու նպատակով, ապա գնացել է հոսպիտալ` փաստաթղթերը ձեւակերպելու համար: Այդ ժամանակ էլ նրան զանգել է զորամասի հրամանատար Ալեքսանդր Թազագուլովը եւ կանչել զորամաս: Հասնելով այնտեղ, տեսել է թիկունքի պետ Աշոտ Հակոբյանին, Աշոտ Բադալյանին: Միասին իր մեքենայով գնացել են «Շահենի օբյեկտ»` հաց ուտելու: Երբ հեռախոսով խոսելու նպատակով մի պահ դուրս է եկել սենյակից, վերադարձել է, տեսել է, որ Աշոտ Հակոբյանը եւ Աշոտ Բադալյանը վիճաբանում են խմելու վերաբերյալ: Աշոտ Բադալյանն ասել է. «Քաշովդ մեկ կխմեմ»: Ըստ գործի նյութերի, Հովհաննիսյանն ասել էր, թե ընդամենը երկու կիսատ բաժակ օղի է խմել, իսկ՝ «Աշոտ Բադալյանը հարբած լինելու պատճառով օբյեկտի ճաղերից բռնած մի կերպ մոտեցել եւ նստել է ավտոմեքենան, որից հետո շարժվել են դեպի զորամաս»: Աշոտ Բադալյանը դիմելով Հովհաննիսյանին, ասել է, որ նա մեքենայով իրեն տանի Ղալթախչի գյուղ: Հ. Հովհաննիսյանը նրան մերժել է, պատճառաբանելով, թե կինը հիվանդանոցում է, նրան ցույց է տվել կնոջ հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը, սակայն Ա. Բադալյանը իջել է ավտոմեքենայից` ավտոմեքենայի դուռը թողնելով կիսաբաց: «Ինքը ձեռքը գցել է, որպեսզի փակի դուռը, սակայն քանի որ նա երկու ձեռքով բռնած է եղել ավտոմեքենայի դռնից եւ երբ ինքը քաշել է դուռը, չի կարող ասել, թե ինչպես է եղել, որ ավտոմեքենայի դուռը կպել է Աշոտ Բադալյանին, որի հետեւանքով նա մի քայլ անելով, մեջքի վրա վայր է ընկել: Ավտոմեքենայից դուրս գալով, կանչել է հերթապահին եւ նրա հետ գրեթե միաժամանակ մոտեցել Ա. Բադալյանին, ով այդ պահին եղել է գետնին կքանստած վիճակում` մեկ ոտքի ծունկը գետնին: Ինքը տեսել է, որ նրա շրթունքի աջ հատվածից արյուն է գնում: Այնուհետեւ հերթապահի օգնականին կանչել են ջուր բերելու եւ լվացել Ա. Բադալյանի դեմքը, ապա կանգնեցնելով, նրան տարել են բուժկետ: Այնտեղ նրան պառկեցնելուց հետո ինքը մտել է իր աշխատասենյակ եւ մի քանի րոպե հետո բաց դռնից տեսել է, որ Բադալյանը դուրս է գնում: Նրա ետեւից դուրս է գնացել` տեսնելու, թե նա ուր է գնում եւ տեսել է, որ նա դրսում կանգնած է: Ինքը իր ավտոմեքենայով հեռացել է զորամասից»,-ասել էր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը դեպքից մեկ ամիս հետո իմացել է նաեւ, որ նա զորամասի թիկունքի պետի սենյակում պառկած ժամանակ նույնպես ընկել է պառկած տեղից, որի հետեւանքով ջարդվել է գրասեղանը: Հ. Հովհաննիսյանը չի ընդունել, թե Ա. Բադալյանին մարմնական վնասվածք է պատճառել գլխով ու բռունցքով, ընդհակառակը, նա բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին խոստացել է, որ այլեւս չի խմելու:
Շտաբի պետի տեղակալ-օպերատիվ բաժնի պետ, կոչումով փոխգնդապետ տուժողը ԶՈՒ թիկունքի վարչության պետի հրամանով մեկնել է ՊՆ զորամաս, որպես հանձնաժողովի նախագահ, տարվա ամփոփիչ ստուգումներ իրականացնելու: Ընդմիջման ժամին, ըստ նրա ցուցմունքի, զորամասի հրամանատար Ալեքսանդր Թազագուլովն իրեն հրավիրել է խաշ ուտելու, իրենց հետ են եղել նաեւ հրամանատարի տեղակալներ Աշոտ Հակոբյանը եւ Հայկազ Հովհաննիսյանը: Հաց ուտելու ընթացքում իրենք օգտագործել են ոգելից խմիչք, սակայն ոչ այնքան, որ հարբեն: Վերադարձել են զորամաս: Քանի որ ինքը մի քանի օրով էր եկել ստուգումների եւ դեռ պետք է շարունակվեր, Հ. Հովհաննիսյանին խնդրել է մեքենայով իրեն տանել Ղալթախչի գյուղ` ընկերոջը տեսնելու, սակայն նա մերժել է, ասելով, որ կնոջը հիվանդանոց է տանելու եւ ցույց է տվել հիվանդության փաստաթղթեր. «Ինքը նրան ասել է, որ այդ փաստաթղթերից ոչինչ չի հասկանում եւ նորից է պնդել, որ նա իրեն տանի Ղալթախչի, որի հետ կապված իրենց միջեւ վեճ է առաջացել: Այդ պահին իրենք եղել են երկուսով, չի կարող ասել՝ հեռվից որեւէ մեկը իրենց տեսել է, կամ լսել է իրենց խոսակցությունները, թե ոչ: Վիճաբանության ժամանակ Հայկազ Հովհաննիսյանը իր համար անսպասելի գլխի ճակատային մասով հարվածել է իր դեմքին, որից հիշողությունը եւ գիտակցությունը կորցրել է: Հստակ հիշում է նրա գլխի հարվածը, որից շշմել է եւ աղոտ է հիշում նրա բռունցքը, որը գալիս էր դեպի իրեն, սակայն չի հիշում՝ իրեն կպել է, թե ոչ, քանի որ արդեն կորցրել է գիտակցությունը»: Տուժողը չէր հիշել, որ ավտոմեքենայում ինքը Հ. Հովհաննիսյանին վիրավորած լինի: Նա չէր ժխտել, որ խմել է, սակայն չի ընդունել, թե հարբած էր, ալկոհոլ օգտագործած է եղել, սակայն հարբած չի եղել:
Վկա Ալեքսանդր Թազագուլովի ցուցմունքով՝ Աշոտ Բադալյանն ավտոմեքենայի մեջ դուռը բաց քնած է եղել, փորձել է նրան արթնացնել, սակայն չի կարողացել: Հերթապահին հանձնարարել է նրան տեղափոխել ծառայության պետի աշխատասենյակ, որ այնտեղ քնի, հերթապահը, սակայն, զեկուցել է, որ Բադալյանը դրսում ընկել է: Զորամասում տարածված խոսակցություններից իմացել է, որ Աշոտ Բադալյանը ոչ թե վայր է ընկել, այլ վիճաբանություն է ունեցել Հայկազ Հովհաննիսյանի հետ, երբ հարցրել է այդ մասին Բադալյանին, նա ասել է, որ ինքը արժանի չէր հասնելու այդ վիճակին, ծեծի մասին խոսք չի գնացել: Ի դեպ, Հ.Հովհաննիսյանի նկատմամբ դատարանի որոշմամբ կարճ ժամանակ 500.000 դրամով գրավի կիրառումն անթույլատրվելի էր համարվել, բեկանվել է, եւ գումարը վերադարձվել է գրավատուին, եւ 2016թ. սեպտեմբերի 1-ին Հ. Հովհաննիսյանը կրկին վերցվել է կալանքի:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-ՀՀ վճռաբեկ դատարանը նույն օրը կլսի նաեւ Անդրիաս Ղուկասյանի բողոքը:
Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաեւ 2016թ. հուլիսի 17-ին Մ. Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում «Սասնա ծռերին» միանալու փորձ անելու համար:
«Առավոտ»
17.04.2018